Հայտնի է դարձել հունիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ԼՂՀ հետ սահմանամերձ Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պահակետում 18-ամյա զինվոր Զոհրաբ Մամեդովի' իր ծառայակից Նամիգ Մամեդովի կողմից գնդակահարվելու պատճառը, ինչի հետեւանքով Զ. Մամեդովը ծանր վիրավորումներով տեղափոխվել է հոսպիտալ:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ զինվորը վիրավորվել է անվտանգության կանոնները խախտելու եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

 

Սակայն, վիրավոր զինվորի հարազատները virtualaz.org-ին հայտնել են, որ Զ. Մամեդովը ծառայակցի կողմից գնդակարարվել է նախկին հրամանատարի դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու համար:

 

Միջադեպի նախորդ օրը զորամասի նախկին հրամատարը, որի նկատմամբ դատական գործի հերթական լսումը պետք է անցկացվեր հունիսի 3-ին, հեռախոսով խնդրել է Զ. Մամեդովի հորը, որպեսզի նա հանձնարարի որդուն իր դեմ ցուցմունք չտալ: Հայրը որդուն պատվիրել է հրաժարվել հրամանատարի դեմ ցուցմունք տալուց: Դրանից հետո զինորների միջեւ վիճաբանություն է սկսվել: Զոհրաբի ընկերները նրան մեղադրել են որոշումը փոխելու եւ իրենց դավաճանելու մեջ: Ծառայակիցների միջեւ վեճն այնքան է թեժացել, որ Նամիգը իրեն ամրակցված զենքից երկու անգամ կրակել է Զոհրաբի վրա: Վերջինս փորձել է պաշտպանվել ձեռքերով: Գնդակներից մեկը դիպչել է նրա աջ ձեռքին եւ դուրս եկել ձախ ուսից: Երկրորդ գնդակը ձախ ձեռքի միջով մտել է նրա թոքերի մեջ: Զինվորի թոքերի կեսից ավելին վիրահատությամբ հեռացվել է: Նրա վիճակը խիստ ծանր է: Ենթադրվում է, որ այսօր նրան կտեղափոխեն Բաքվի զինվորական հոսպիտալ:

 

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով' 2014 թ. սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 39 զինծառող, որոնցից 30-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 64 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: