Ադրբեջանի կողմից Արցախի ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը խուճապ չի առաջացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ արցախցին չի կորցրել իր ուժն ու կորովը եւ պատրաստ է հանուն իր արժանապատվության ու հանուն երկրի անկախության շարունակել պայքարել:

 

 

«Արցախցին սգում է երեք զոհերի մահը, սակայն այդ ողբերգական միջադեպը որեւէ ձեւով չի ազդել մեր կորովի, մեր ուժի վրա, եւ արցախցին պատրաստ է հանուն իր երկրի անկախության, հանուն իր ժողովրդի արժանապատվության պայքարել թշնամու դեմ»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ Արցախում ուղղաթիռի խոցվելուց հետո շարունակվել եւ ավարտին են հասցվել նաեւ ուսումնամարզական վարժանքները:

 

 

«Ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել, չի պարունակել զինամթերք եւ ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել: Ուղղաթիռը որեւէ վտանգ չի ներկայացրել հակառակորդին: Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից, եւ սա հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի դեմքն ու մոլագարության այն աստիճանը, որ կա այդ երկրում: Նրանք կարողանում են հարվածել միայն թիկունքից' այն էլ անզեն ուղղաթիռին»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ ողջ Արցախն է սգում երեք օդաչուների մահը:

 

 

Անդրադառնալով դիակների տեղափոխման հարցին, Բաբայանն ասաց, որ առայժմ վաղաժամ է որեւէ կոնկրետ բան ասել, քանի որ քննարկումներն այդ ուղղությամբ ընթանում են: «Անելու ենք հնարավոր ամեն ինչ' դիակները ետ վերադարձնելու համար»,- ընդգծեց Բաբայանը:

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր' նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

 

 

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: