Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հորդորում են չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին եւ շահարկումներին ու սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարությանը: «Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ:

 

Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել եւ ունենք ռազմագերի, ապա ես կհորդորեի չտրվել ադրբեջանական շահարկումներին եւ սպասել պաշտոնական հաղորդագրության ԼՂՀ պաշտպանության բանակից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ' դեկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը Աղդամի հատվածից իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի հետեւանքով ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող գերի է ընկել: Ըստ «ԱՊԱ»-ի' գերի ընկնողը Արսեն Բաղդասարյանն է: