Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Դրանում մասնավորապես նշված է.

 

«Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարհանքը։ Տվյալ միջադեպը կրկին մատնանշում է անհրաժեշտությունն ակտիվացնելու ջանքերը՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդման անհետաձգելի միջոցների և, նախ և առաջ, դրա խախտման հետաքննության գործուն մեխանիզմների մշակ մանն ու իրականացմանը, որոնք բազմիցս առաջարկվել են հայկական կողմերից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը ստացել։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում»։

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: