ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակիցներին' ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խ.-ին և ոստիկանության մայոր Ալեքսան Հ.-ին' ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել: Նախկին ոստիկանները մեղադրվում են այն բանի համար, որ վերջիններս' խմբով, նախնական համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում Արթուր Մ.-ին Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում փաստացի գրանցման համար բնակության հանգամանքները հաստատող տեղեկություն տրամադրելու նպատակով 2014 թվականի նոյեմբերին պահանջել են ընդհանուր առմամբ խոշոր չափերի' 600 ԱՄՆ դոլար կաշառք:

 

2014թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության աշխատակից Ալեքսան Հ.-ին 280 ԱՄՆ դոլար և 50.000 ՀՀ դրամ կաշառքը հանձնելուց հետո, Արթուր Մ.-ն Հասմիկ Խ.-ի կանչով ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին և վերջինիս ներկայությամբ Ալեքսան Հ.-ին տվել մնացած 80.000 ՀՀ դրամ կաշառքը: Այդ ժամանակ Ալեքսան Հ.-ն կազմել է բնակարան այցելելու մասին կեղծ արձանագրություն' ամրագրելով, իբր, Արթուր Մ.-ն շուրջ մեկ ամիս է, ինչ բնակվում է հիշյալ հասցեում:

 

Ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խ.-ի և ոստիկանության մայոր Ալեքսան Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: