Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այց է կատարել Իտալիայի Ումբրիա նահանգի մայրաքաղաք Պերուջիա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, այցի շրջանակներում դեսպան Ղազարյանը հանդիպել է Պերուջիայի քաղաքապետ Անդրեա Ռոմիցիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պերուջիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով հատկապես մշակույթի և առևտրատնտեսական ոլորտներում կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո դեսպան Ղազարյանն ու քաղաքապետ Ռոմիցին այցելել են Պերուջիայի Սուրբ Մաթևոս հայկական եկեղեցի: Այն կառուցվել է 1273թ. Բազիլիան միաբանության անդամ հայ հոգևորականների կողմից:
Այնուհետև Ումբրիայի Արդյունաբերողների միության կենտրոնակայանում կայացել է Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցել են նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողի կազմակերպիչներն են Իտալիայում ՀՀ դեսպանությունը և Ումբրիայի Արդյունաբերողների միությունը: Համաժողովի ընթացքում դեսպան Ղազարյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը, մակրոտնտեսական ցուցանիշները, ներդրումային դաշտն ու տարածաշրջանի մասշտաբով տնտեսական առավելությունները: Այնուհետև դեսպանը պատասխանել է իտալացի գործարարների հարցերին:
Համաժողովի ավարտին պայմանավորվածություն ձեռք է բերվել առաջիկա ամիսների ընթացքում Ումբրիայի Արդյունաբերողների միության կողմից նահանգի գործարարների' Հայաստան այց կազմակերպելու վերաբերյալ:
Դեսպան Ղազարյանը նաև հարցազրույց է տվել իտալական հանրային հեռուստառադիոընկերության (RAI) տեղական գործակալությանը: