Հայկական ուղղաթիռի խոցումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից լրջորեն մտահոգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին, ով կոչ է արել կողմերին թույլ չտալ իրավիճակի հետագա լարվվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը:

 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց միջազգային գործընկերների մտահոգությունը' կապված 2014 թվականի նոյեմբերի 12-ին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետ' այդ թվում և այն գործողությունների, որոնք հանգեցրել են ռազմական ուղղաթիռի անկմանը և անձնակազմի մահվանը»,- նշել է մամուլի խոսնակը:

 

Պան Կի Մունը դիմել է բոլոր կողմերին' կոչ անելով կատարել պայմանավորվածությունը հրադադարի համաձայնագրի շրջանակներում: Նա հորդորել է նաև զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն իրավիճակի հետագա լարմանը, ինչպես նաև իրագործել բազմիցս տրված խոստումները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու վերաբերյալ: Պան Կի Մունը նաև հայտնել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և դրա երեք համանախագահներին: