ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը դիտարկում է որպես լուրջ խնդիր, որը կարող է կտրուկ սրել հակամարտությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդարանում լսումների ժամանակ Զանիերը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռ է խոցվել, ինչը ներկայացնում է հակամարտության կտրուկ սրման լուրջ ռիսկ»:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր' նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

 

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ ուղղաթիռը նախատեսված չի եղել ռազմական գործողությունների համար:

 

«Ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել, չի պարունակել զինամթերք եւ ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել: Ուղղաթիռը որեւէ վտանգ չի ներկայացրել հակառակորդին: Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից»,- ասել է Դավիթ Բաբայանը: