ԱՄՆ-ը կշարունակի աշխատանքը կողմերի հետ' հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: ԱՄՆ-ը իրազեկված է միջադեպի մասին, և Պսակին ցավակցություն է հայտնել «զոհերի կամ վիրավորների հարազատներին»: «Այս պատահարը մեկ անգամ ևս հիշեցնում է այն մասին, որ հարկավոր է կրկնապատկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնելուն ուղղված ջանքերը, թուլացնել լարվածությունը և պահպանել հրադադարը»,- կրկնել է Պսակին նախորդ օրվա հայտարարությունը' նշելով, որ այդ առումով որևէ նորություն ասել չի կարող:
Հարցին, թե ԱՄՆ-ն' որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ի՞նչ է պատրաստվում անել ստեղծված իրավիճակում, Պսակին պատասխանել է. «Մենք դիվանագիտական կապուղիներով ներգրավված ենք երկու կողմերի հետ բանակցություններում, որպեսզի խաղաղ լուծում գտնենք: Վրեժ լուծելու միջոցները, նոր բռնությունը, լարվածության բորբոքումը դրան չեն օգնում»,- նշել է նա:
Պսակին խուսափել է պատասխանել այն հարցին, որով լրագրողը փորձել է հասկանալ ԱՄՆ դիրքորոշումն այն փաստի անռչությամբ, որ հրադադարի ռեժիմի խախտողը եղել է հենց Ադրբեջանը: «Ես չունեմ որևէ վերլուծություն այս դեպքի հետ կապված: Մենք տեսել ենք նույն զեկույցները: Մեկնաբանություններ և պնդումներ կան երկու կողմերից էլ, բայց ես որևէ այլ վերլուծություն սրանից ավելի անել չեմ կարող»,- նշել է Պսակին: Ի պատասխան Պետդեպի խոսնակի' լրագրողը հիշեցրել է, որ հայկական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, ինչը հստակ ցույց է տալիս, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Պսակին փորձել է արդարանալ' նշելով, թե երկու կողմերն էլ ունեն իրենց մեկնաբանությունը խնդրի հետ կապված, սակայն ինքը ԱՄՆ կառավարության կողմից որևէ հավելյալ մեկնաբանություն այս հարցի առնչությամբ չունի: Պսակին խոստացել է հետևել իրադարձությունների զարգացմանը: