ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել: Լուրը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հաստատեց ԱԺ ՕԵԿ խմբակցութան պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

 

«Հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, իսկ այդ դեպքում հանդիպման մասին հաղորդագրություն տարածելն անտրամաբանական կլիներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հանդիպումը գաղտնի պահվել:

 

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ երբեմնի հակառակորդները հանդիպել են՝ պատգամավորը նշեց, որ նրանք հակառակորդներ չեն: «Ընդամենը փոքրիկ խնդիր է եղել, որը հարթվել է»,- նշեց նա՝ հավելելով, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Հարցին, թե հնարավոր է, որ ՕԵԿ-ը պահանջի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, պատգամավորը հիշեցրեց, որ Արթուր Բաղդասարյանն արդեն հայտարարել է, որ Նախագահի հրաժարական չի պահանջելու: