ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին, ով անցած տարվա նոյեմբերից է սկսել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նախարարության և դեսպանատան միջև ձևավորված սերտ գործնական կապերն ավելի կամրանան: «Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի գործադրած ջանքերը մեր երկրի համար մեծ կարևորություն ունեցող երկու ծրագրերի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման և Հայաստան-Իրան երկաթուղային կապի ստեղծման համար տարվող աշխատանքներում»,- ընդգծել է նախարարը:

 

Չինաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այսուհետ ևս երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում կշարունակվի բարձր մակարդակի համագործակցությունը։ «Մենք գտնում ենք, որ Ձեր ղեկավարած գերատեսչության կողմից մեծ է հետաքրքրությունը՝ ընդլայնելու համատեղ ծրագրերը, մասնավորապես, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում»,- նշել է դեսպանը:

 

Նախարարն ու դեսպանը կարծիքներ են փոխանակել Չինաստանի համար պետական կարևորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման և Հայաստանի համար ռազմավարական նշանակության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ:

 

Դեսպան Տյան Էրլուին իր խոսքում ընդգծել է, որ չինական ճանապարհաշինական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու 3-րդ և 4-րդ տրանշների համար հայտարարվելիք մրցույթներին: