Գյումրու ավագանու հերթական նիստը նոյեմբերի 14-ին մեկնարկեց 1 րոպե լռությամբ. ներկաները հարգեցին նոյեմբերի 10-ին ողբերգական վթարի զոհերի հիշատակը: Ի դեպ, նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին դրամական օգնություն տալուն:

 

Ինչպես նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, սա այն եզակի դեպքն էր, երբ ավագանին հաստատում է այն որոշումը, որը, ժամանակի թելադրանքով, ավելի վաղ է իրականացվել՝ դրամական միջոցների բաշխումը համայնքային բյուջեից իրականացվել է դեպքի հաջորդ օրը: Այդ նպատակով հատկացված ընդհանուր գումարը կազմում է 2 մլն 200 հազար դրամ:

 

 

Ավագանին այդ դեպքը հաշվի առնելով' ուղերձով որոշեց դիմել նաև ՀՀ տրանսպորտի և արտակարգ իրավիճակների նախարարություններին և ՀՀ ոստիկանությանը՝ ճանապարհային հսկողությունն ավելի ուժեղացնելու, երթևեկության անվտանգության կանոններին ու ճանապարհների վիճակի հանդեպ ավելի հետևողական լինելու խնդրանքով:

 

 

Բացի օրակարգային այս հարցից, Գյումրու ավագանու անդամներն այս նիստի ընթացքում քննարկեցին ևս 33 հարց, որոնք բոլորը, բացառությամբ 1-ի, քննարկումից հետո, ավագանու անդամների կողմից հաստատվեցին: Քննարկվող հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին՝ մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտ ձեռք բերելու համար և սոցիալապես անապահով 148 անձանց դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

 

Այս տարի Գյումրիում ամանորյա միջոցառումների կազմակերպման համար կհատկացվի 11 մլն դրամ, որն, ինչպես տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ամբողջովին կբավարարի այդ միջոցառումների համար: «Այս գումարը ներկայացվում է' հաշվի առնելով անցած տարվա փորձը՝ անցած տարի այդ նպատակով նախատեսել էինք 16 մլն 500 հազար դրամ գումար, սակայն, փաստացի ծախսվեց ավելի քիչ գումար»,- նշեց Լենա Ջիլավյանը:

 

Ավագանին նաև միաձայն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դրամ նվիրատվություն կատարելու առաջարկը:

 

Դրամական պարգևների կարժանանան 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներն ու մարզիչները, իսկ Գյումրի համայնքի մարզադպրոցները գումար՝ մարզական գույքի ձեռքբերման համար:

 

Հաշվի առնելով հոկտեմբերի ցուրտ եղանակը, Գյումրու ավագանին որոշեց՝ այսուհետ «Գյումրու օր» տոնակատարությունը հոկտեմբերից տեղափոխել սեպտեմբեր: Ավագանին քննարկեց և հաստատեց նաև ՀՀ Գյումրի և ՌԴ Մոսկվայի շրջանի Դոմոդեդովո համայքների միջև 2014 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված համագործակցության զարգացման հուշագիրը վավերացնելու և այլ հարցեր ևս:

 

Արմենուհի Մխոյան