Քրեական գործ է հարուցվել Գյումրու կենտրոնական զբոսայգում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած դեպքի առթիվ: Այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում զբոսայգու Գյումրու հին թատրոնի վթարային շենքի տանիքի փլուզման հետևանքով, մոտ 8 մետր բարձրությունից ընկել և բազմաթիվ կոտրվածներով ու վնասվածքներով, նախ Գյումրու Բժշկական կենտրոն, ապա Եչևանի «Էրեբունի» կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանը:

 

Վերջինս Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի է և կառույցի տանիքին բարձրացել էր նկարահանումներ կատարելու համար: Սակայն, ինչպես վկայում են աղջկա ընկերուհիները և մայրը, դեպքը տեղի չէր ունենա, եթե կառույցի վթարայնության մասին հիշեցնող ու զգուշացնող գոնե մեկ գրություն լիներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ դեպքի առթիվ ոստիկանության տարածքային բաժինը քրեական գործ է հարուցել' ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի հատկանիշներով:

 

Խոսքն այն շենքի մասին է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: