Քրդական պաշտպանական ուժերին հաջողվել է հետ մղել «Իսլամական պետության» հարձակումը Քոբանի քաղաքի հարավային թաղամասերի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քոբանիի հարավում և արևելքում մի քանի ժամերի ընթացքում բախումների ընթացքում ԻՊ-ի ավելի քան 40 անդամներ են սպանվել: Մյուս կողմից, Քոբանիի արևմուտքում բախումներ են սկսվել ահաբեկիչների հետ: ԻՊ-ն ռմբակոծում է քաղաքի հյուսիսային և արևմտյան թաղամասերը:

 

Ակնհայտ է, որ բեշմերգի ուժերի քաղաք մտնելուց հետո քրդերը առաջընթաց են գրանցել ԻՊ-ի դեմ պայքարում: Քրդերի հսկողության տակ են հայտնվել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի կետեր, փակվել է ճանապարհը, որով տարածվում էին ծայրահեղականները:

 

Քոբանի քրդաբնակ քաղաքը մոտ 2 ամիս է' հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Դրա և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա: