«Երբ իմացա, որ ՀԱԿ-ը չի սատարելու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ճիշտն ասած, ապշած էի, անսպասելի էր»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը՝ խոսելով նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանի թեկնածության մասին:

Նրա խոսքով՝ Հրանտ Բագրատյանը լավ տնտեսագետ է և ներկայացնում է լավագույն տնտեսական այլընտրանքները՝ ներկա տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար:

«Հայաստանում նման կադր ունենալ և չսատարել նրան, ուրեմն այստեղ ինչ-որ բան էն չի: Ես ինքս պատասխան չունեմ, թե որն է խնդիրը: Ինքս ինձ մտածում եմ, եթե առաջադրված լիներ, ասենք, Լևոն Զուրաբյանը, ես չեմ էլ հավատում, թե իր հարկում ապրող հարևաններից որևէ մեկն իր օգտին կքվեարկեր: Բայց Հրանտ Բագրատյանի պարագայում միանգամայն այլ է, նա կարողացավ իր վարչապետության տարիներին ծանր պայմանների մեջ գտնվող հետպատերազմյան Հայաստանի համար տնտեսական աճ գրանցել: Ու նման կադրին մենակ թողնել ու չսատարել, դա ցույց է տալիս, որ ՀԱԿ-ն իբրև քաղաքական միավոր չի կայացել: Անմիջական կուսակիցների կողմից լքվելը, դա ՀԱԿ-ի կողմից անբարոյականություն եմ համարում: Դա ամոթ էր»:

Սարգիս Հացպանյանի կարծիքով՝ փոշիացել է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ ՀԱԿ-ը: Ըստ նրա, մի փոքր կոնֆետ էլ որ գցեն ՀԱԿ-ի դիմաց, նրանք անմիջապես կհայտնվեն իշխանությունների գրկում, այսինքն ՀԱԿ-ում էլ արտաշեսգեղամյաններ կան: ՀԱԿ-ը, հրաշալի գիտակցելով, որ ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չեն եղել ու չեն էլ լինի, հույսեր էր փայփայում նրանց հետ համագործակցելու համար:

«Երբ դեռ նոր էի բանտից դուրս եկել, ինձ հարցրին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության մասին: Ես ասացի՝ ինչպե՞ս, սևը խառնել սպիտակի հե՞տ: Ես ասացի՝ որքան հեռու Բարգավաճ Հայաստանից, այնքան լավ: Հիմա ԲՀԿ-ի հետ մերձեցումը ցույց տվեց, թե ինչպես է լինում փոշիացումը: Դուq պատկերացնո՞ւմ եք օլիգարխ, որի հետ ընդդիմությունը պետք է դաշինքի գնար: Բա Լևոն Տեր-Պետրոսյանը 2009թ. ամբիոնից ասում էր՝ բոմժ ես դառնալու, Գագիկ Ծառուկյան: Հիմա էդ նույն մարդուն գրկաբաց սպասում ես, որ ի՞նչ: Միտինգներում գոչում էին՝ «ո՛չ դոդացմանը», հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքագիտական վերլուծությամբ ուզում էր ասել՝ այո՞ «դոդացմանը»: Միլիարդեր Գագիկ Ծառուկյանին, փաստորեն, հաջողվեց փոշիացնել ՀԱԿ-ին»,- եզրափակեց Սարգիս Հացպանյանը: