ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր պատասխանել է լրագրողների՝ ստորագրվելիք «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հարցերին․
«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում եղել են որոշակի հոդվածներ կամ հոդվածներում որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից։ Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ համաձայնությունները պետք է պահպանվեն»,- նկատել է պատգամավորն ու հավելել՝ կարևոր է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ՝ խոսակցության ընթացքում։
Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, Խանդանյանն արձագանքեց, որ դա բացահայտում չէ և որ բանակցություններում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ․
«Բայց ես ուրախ եմ, որ այս պահին ըստ էության վերսկսվել են բանակցությունները երկրի ղեկավարների մակարդակով՝ Մյունխենում, և այսօր ու վաղը՝ արտգործնախարարների մակարդակով Բեռլինում»,- նշեց նա։