ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:

Պարոն Հացպանյան, Դուք քննադատում եք նախորդ նախագահի համակարգը՝ անվանելով այն քոչարյանիզմ: Դուք քննադատում եք նաև ներկայիս գործող նախագահի կառուցած համակարգը: Դուք գտնո՞ւմ եք, որ այս համակարգը նախորդի շարունակությունն է:

Սերժ Սարգսյանը քոչարյանիզմի շնորհիվ բազմեց նախագահի աթոռին:Հենց այդ քոչարյանիզմն էր, որ 21 տարվա ընթացքում լինելով պետական միավոր, կրակեց իր քաղաքացու վրա: Ես այդ տասը զոհերի կողքին եղած մարդկանցից մեկն եմ: Ես նման բանը չէի կարող պատկերացնել: Եթե ցանկացած մեկն ինձ ասեր՝ գիտե՞ս, Հայաստանի զինվորը, ոստիկանը կկրակի քո վրա, կասեի՝ գնա այ, մարդ, գնա, հո մենք թուրք չե՞նք: Ցավոք, ես տեսա, որ մենք կարողանում ենք կրակել սեփական ժողովրդի վրա: Քոչարյանիզմը բերեց իշխանություն՝ արյամբ: Նույն ձևով չէի հասկանում, ինչպե՞ս կարող է այդ արյունից հետո Սերժ Սարգսյանը գա ու շարունակի կառավարել:

Պարոն Հացպանյան, Դուք չե՞ք տեսնում կատարվող իրադարձությունների մեջ նաև ընդդիմության մեղքը:

Ընդդիմության մեղավորությունը՝ նման սքանչելի որակներ ներկայացնող ժողովրդին չառաջնորդելու մեջ է: Ես այդ տարիներին բանտում էի, և միշտ իմ քննադատական խոսքն եմ հնչեցրել ընդդիմության հասցեին, ասելով, որ դուք չեք անում այն, ինչ պետք է արվի: Դեռ 2009թ ես մեղադրել եմ ընդդիմությանը նաև արտագաղթի համար, որովհետև արտագաղթողների մի մասը ընդդիմության հետ հույսեր էր կապում, որ ընդդիմության ներկայացուցիչները հավատարիմ կմնան իրենց խոստմանը և կհասնեն իրավական պետության կառուցմանը: Բայց ընդդիմության քայլերը չէին համապատասխանում ժողովրդի սպասումներին:

Ուզում եք ասել, որ ՀԱԿ-ը հիասթափեցրե՞լ է ժողովրդին:

Անպայման: ՀԱԿ-ից ժողովրդի հիասթափության վկայությունը իմ բանտից դուրս գալուց հետո առաջին հանրահավաքի ժամանակ տեսա: Ես ապշած էի: Այն հանրահավաքը, որը ես թողել էի մարտի 1-ից առաջ Ազատության հրապարակում, և այն հրապարակը, որը ես վերագտա բանտից դուրս գալուց հետո, ես իսկապես ապշած էի, ժամերով խոսել եմ այդ մարդկանց հետ: Նրանք հիասթափված էին ու հարցնում էին՝ պարոն Հացպանյան, ինչու՞ այսպես եղավ: Ես ասում էի՝ չգիտեմ, ես բանտում եմ եղել, դուք պետք է իմանաք՝ ինչու՞ այսպես եղավ: Մարդիկ ինձ ասում էին՝ մենք ամեն ինչով պատրաստ էինք ամեն ինչ անելու, բայց մեր սպասելիքները փոշիացան: 2008թ. փետրվարի 26-ին իշխանությունն արդեն վերցված էր՝ առանց

արյամբ, իսկ զենքը միշտ վերցնում է իշխանությունը և ոչ ժողովուրդը: Այդ ժամանակ շատ խաղաղ ճանապարհով իշխանափոխություն տեղի կունենար, եթե ընդդիմությունն առաջնորդող ուժը, որը պետք է խոստովանել, որ կազմակերպված չէր,չվախենար: Իմ ընկեր, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վախեցավ, այսինքն իրեն մեղադրեց վախկոտության մեջ: Ես հիմա մոտենում եմ այն կարծիքին, որ առաջնորդ մարդուն նաև վախը հաղթահարելու ուժ էր հարկավոր:

Դուք Ձեզ խաբվա՞ծ եք զգում ՀԱԿ-ի կողմից:

Ոչ թե խաբված եմ զգում, պարզապես Մարտի 1-ից տուժած, իր հայրենիքում ապրելու իրավունքից զրկված, արտաքսման հրամանի սպառնալիքի ներքո գտնվող մարդու կողքին նրանք չկանգնեցին: Ես նրանց կողքին եմ եղել, և հենց նրանց եմ ապացուցել, որ ինձ համար արժեքը իմ հայրենիքն է, ոչ թե Ֆրանսիան: Իսկ նրանց «Պայքար, պայքար մինչև վերջը» , փաստորեն, «պայքար, պայքար էր, մինչև խորհրդարան»: Ինչ-որ ցուցակով մարդկանց խցկեցին խորհրդարան: Նրանք անձեռնմխելիություն ունեին, իսկ ես բացի բանտից դուրս գալու փաստաթուղթը, ոչինչ չունեի: Չգիտեի՝ ինչ անել, հայտնվել էի անհեթեթ իրավիճակում: Եվ նրանք խորհրդարանում լինելով՝ մեկ անգամ չբարձրաձայնեցին Սարգիս Հացպանյանի՝ Հայաստանում ապրելու իրավունքի վերականգման հարցը, կամ գոնե ելույթ ունենային Ռոբերտ Քոչարյանի այդ արտաքսման անհեթեթ հրամանի դեմ: ՀԱԿ պատգամավորների մեջ այնպիսի պերճախոս մարդիկ կան, բայց մեկ անգամ հանդես չեկան: Եվ այս ամենը ցույց տվեց ՀԱԿ պատգամավորների մարդկային որակը: Այն, որ ՀԱԿ-ը իրեն ներկայացնում էր, որպես Կոնգրես, որտեղ բազմակարծությունն է ընդունված, դա իհարկե այդպես չէր: Կոնգրեսը մեկ մարդու ասածով շարժվող քաղաքական միավոր էր: ՀԱԿ-ը ոչ մի քայլ չարեց՝ աջակցելու ինձ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հարցում:

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այս նախագահական ընտրություններում չառաջադրվելը ինչպե՞ս կբացատրեք, տարիքի գործոնը արժանահավա՞տ եք համարում:

Ոչ, ոչ, տարիքը ի՞նչ կապ ունի: Ֆրանսուա Միտերանը 70-անց էր, որ կառավարում էր Ֆրանսիան: Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ արդեն ինքը ժողովրդի վստահությունը չի վայելում: Լևոն Տեր-Պետրոսյանը իմ ճանաչած ամենաիրատես քաղաքական գործիչներից մեկն է, ով առանց ռեալ հաշվարկների, որևէ քայլ չի անի: 2008թ-ին, երբ նա ամբիոնից հայտարարում էր, թե՝ դուք կանգնեք այստեղ, ես գնամ աշխատելու, ինքը աշխատում էր արտաքին ուժերի հետ՝ փոխհամաձայնեցնելու իր իշխանության վերադարձը:Բայց նա «նաղդը թողած ընկավ նիսյայի հետևից», որովհետև իր կողքին ժողովուրդն էր կանգնած, նա պետք է ապավիներ ժողովրդին, ոչ թե արտաքին ուժերին: Աշխարհում բոլոր իշխանությունները ձևավորվում են ժողովրդի կողմից: Մեր ժողովուրդը իր լավագույն որակները ցույց տվեց 2008թ փետրվարին, բայց ընդդիմության առաջնորդողները դժբախտաբար չարեցին այն, ինչ պետք է արվեր, ահա ինչու ժողովուրդը ընդդիմությունից հիասթափվել է: Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի, որ դա նրան չի ներվելու, ահա ինչու՝ եթե դներ իր թեկնածությունը, կհավաքեր շատ քիչ ձայն, մոտ 7 տոկոս: Դրա մասին խոստովանել է ՀԱԿ համակարգողը մարտի 1-ի մեղավորներից մեկին: Սա է՞ ընդդիմությունը:

Մելանյա Մելքումյան