
Արարատյան Հայրապետական թեմը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին պատրաստվում է մեծ հանդիսություն կազմակերպել Սիրահարների այգում, և այդ պատրաստության մասին հեռուստաավետիսներում նշվում է, որ տոնախմբությունն իրականացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փաստորեն, Սուրբ Սարգիսն էլ դարձել է ՀՀԿ նախընտրական շտաբի անդամ և իր քարոզչական ծառայություններն է մատուցում Սերժ Սարգսյանին: Ի տարբերություն նույն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՝ Սուրբ Սարգիսն իր գործն անելու է ոչ թե «Բենթլի»-ով, այլ սպիտակ ձիով: Նա երևի կժամանի սիրահարների այգի և կհայտարարի, որ եթե չլիներ Սերժ Սարգսյանը, ինքը եկողը չէր:
Եթե լուրջ, ապա առնվազն զարմանալի է անլրջության աստիճանը, որով Հայաստանում հնարավոր է աղավաղել ամեն ինչ, անգամ՝ քրիստոնեական տոնացույցը, քաղաքականությունը խառնել նույնիսկ սիրահարների գեղեցիկ տոնին: Ի՞նչ է նշանակում «Սերժ Սարգսյանի բարձր հովանի»: Եթե Սերժ Սարգսյանն է տվել տոնախմբության փողը, ապա պետք է հենց այդպես էլ հայտարարվի ու նշվի, որ Սուրբ Սարգսի տոնն իրականացվում է Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջանակներում: Այսինքն, պետք է հանրությունը տեղյակ լինի, որ դա քաղաքական միջոցառում է, և դրան թող մասնակցեն նրանք, ովքեր իրենց համարում են Սերժ Սարգսյանի ընտրողները:
Եթե ոչ փողով, ապա ինչով է Սերժ Սարգսյանը հովանի Սուրբ Սարգսի տոնին: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը չլիներ, տոնի ինչը՞ պակաս կլիներ, Սուրբ Սարգիսը չէ՞ր գա, թե՞ կգար, բայց ոտքով, առանց ձիու, կամ աղի բլիթների աղը պակաս կլիներ: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը սիրահարների տոնն օգտագործում իր քաղաքական գովազդի համար, առավել ևս, որ ներկայումս նախընտրական շրջան է, և այդ ամենն իսկապես գեղեցիկ չէ, և նույնիսկ կարելի է ասել պակաս տգեղ չէ, քան, օրինակ, Տարոնի արածը Մաշտոցի այգում: Եթե Տարոնի արածը գեղեցիկ չէր իրավական, քաղաքացիական տեսանկյունից, ապա Սերժ Սարգսյանի արածը գեղեցիկ չէ հոգևոր առումով: Այսինքն, կուսակցականացվում-քաղաքականացվում է անգամ քրիստոնեական տոնակատարությունը: Որևէ արևմտյան նախագահի մտքով կանցնե՞ր արդյոք երբևէ դառնալ, օրինակ, Սուրբ Վալենտինի տոնի հովանի. ասենք հայտարարվեր, որ Սուրբ Վալենտինի տոնախմբությունն իրականացվում է Բարաք Օբամայի կամ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո: Դա ոչ միայն ծիծաղ կառաջացներ ամերիկյան կամ ֆրանսիական հասարակությունների, երիտասարդության շրջանում, այլ միգուցե նույնիսկ հրահրեր քաղաքական բողոքի ալիք՝ ի պաշտպանություն Սուրբ Վալենտինի:
Սուրբ Վալենտինի բախտն այդ առումով բերել է: Նա կայացած քաղաքական համակարգերի, քաղաքական ավանդույթների և քաղաքացիական տեսանկյունից իրավագիտակից հասարակությունների սուրբն է: Սուրբ Սարգսի բախտն այդ առումով չի բերել: Նա սուրբ է քաղաքական նպատակների համար չափ ու սահման չճանաչող իշխանության և վերջինիս հետ լիովին սերտաճած եկեղեցու համար, իսկ հասարակությունն էլ վաղուց անտարբեր է դարձել այդ հարցերում՝ դաշտը թողնելով միայն իշխանական երիտթևերին: Իսկ նրանք, իհարկե, ոչ թե Սուրբ Սարգսին կպաշտպանեն կուսակցական ու քաղաքական ոտնձգություններից, այլ նրան պարզապես բերման կենթարկեն, եթե հանկարծ համարձակվի բոյկոտել Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող միջոցառումը: