Իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատումը։ Ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների կեսերից ինքը խոսել է փոխզիջումների մասին, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին:
«Ես երկու տասնամյակ առաջ ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Իսկ որոշ ժամանակ առաջ, մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, ՀՀ ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին եւ ասում՝ Աղդամը մեր հայրենիքն է: Իրենց կարծիքով խայթում էին ինձ՝ չհասկանալով, որ հիմարություն են խոսում: Իսկ վերջը այ էսպիսին է լինելու»,-ասաց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ինքը չգիտի, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:
«Մենք միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ: Եվ դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:
Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ, եթե այսպիսի խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, ապա նա կոչվելու է «կրկնակապիտուլյանտ»:
Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը: