ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես ասված է․

«Պատմությունը ջնջելու կամ նենգափոխելու փորձերը բոլոր ժամանակներում նպատակ ունեն հանցանքը պարտակելու և հանցագործներին արդարացնելու:

Կարևոր առիթներով ես մշտապես կրում եմ ցեղասպանության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած անմոռուկը: Այն շատ հստակ խորհուրդ և պատգամ ունի. մեր ժողովրդի հետ ավելի քան մեկ դար առաջ կատարված ոճրագործությունը երբեք չի կարելի մոռանալ:

Օսմանյան կայսրությունը, 1915 թվականին իրագործելով Հայոց ցեղասպանությունը, մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն հանցանք կատարեց, որը թուրքական կառավարությունները տասնամյակներ շարունակ փորձում են ամեն գնով մոռացության մատնել և, հաջողության չհասնելով, այժմ էլ ջանքեր են գործադրում յուրօրինակ ցինիզմով փոխատեղելու զոհին և դահճին, գլխիվայր շրջելու ողջ իրականությունը, վերացնելու հայկական հետքը Արևմտյան Հայաստանից: Ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած թուրքական կառավարությունը թշնամաբար է տրամադրվում անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների նկատմամբ: Թուրքիայում հալածանքների են ենթարկվում Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությունն ընդունող, ճշմարտության դեմ չմեղանչող մտավորականները: Եվ որքան այդ երկիրը ջանք է թափում պարտակելու հանցանքը, այնքան ավելի է մեղսակից դառնում 108 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը:

Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքական ազգայնական կառավարությունը փորձում է հարևան ժողովուրդների և պետությունների հաշվին իրագործել իր նախնիների վաղեմի երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը, որը տարփողում է անգամ պետական մակարդակով: Խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի տակ, հաճախ նաև անթաքույց, շարունակում է նախնիների կիսատ թողած գործը:

Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության, մեր անխոհեմության ու անտարբերության, իրավիճակի հետ համակերպվելու, համախմբված պայքարից հրաժարվելու, պայքարողներին չաջակցելու, պառակտվածության, մեր բոլոր ռեսուրսները՝ մտավոր, ֆիզիկական և այլ, չմիավորելու հետևանքով: Կարո՞ղ էր արդյոք այն կանխվել: Կարող էր:

Նույն պատճառով այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր Հայրենիքի վերջին կտորը: Բայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին, որը եթե հլու-հնազանդ դնենք դահճի առջև, նա չի հապաղի անել իր սև գործը:

Իրավունքի ուժը ըստ պատեհության և հարմարության է գործում անգամ 21-րդ դար մտած աշխարհում. աշխարհաքաղաքական շահերի պայքարում, ցավոք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի: Բոլորիս աչքի առաջ միջազգային իրավունքն ընկրկում է հաճախ անողջամիտ ու ցինիկաբար իր գերակայությունը ցուցադրող ուժի իրավունքի առաջ: Մենք պիտի գիտակցենք, որ աշխարհում, այլ ժողովուրդների կողքին հավասարապես, Աստծու տված մեր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը մերն է: Եթե անգամ մեր ուժն այսօր դեռևս բավարար չէ՝ այն տմարդիաբար մսխողների պատճառով, միևնույն է, չպիտի զիջենք մեր իրավունքը և պիտի ձգտենք հզորանալ:

ՀԻՇԵ՛Լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, ՊԱՀԱՆՋԵ՛Լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, պայքարե՛լ սեփական իրավունքների համար, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային: Սա՛ է ապրելու մեր բանաձևը: Եվ սա՛ պիտի դառնա մեր հավատամքը»։