ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել իսլամիստների կողմից սպանված ԱՄՆ-ի քաղաքացու՝ Փիթեր Քեսիգի հարազատներին: Դրանով իսկ նա հաստատել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից ամերիկացու սպանության տեսագրությունը, որը հրապարակվել է ահաբեկիչների կողմից, հավաստի է եղել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Մենք ցավակցություն ենք հայտնում Աբդուլա Ռահման Քեսիգի ծնողներին ու ընտանիքին, որը հայտնի է նաեւ որպես Փիթեր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

 

«Այն ժամանակ, երբ ԻՊ-ն հրճվում է անմեղ մարդկանց, այդ թվում եւ մուսուլմանների սպանությամբ՝ սփռելով մահ ու ավերածություն, Աբդուլ Ռահմանը հումանիտար առաքելության անդամ էր, փրկում էր սիրիացիների կյանքը»,- ասել է Օբաման՝ հիշեցնելով, որ Քեսիգն աշխատում էր նաեւ Լիբանանում փախստականների համար բացված հոսպիտալում:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ հումանիտար օգնության ու ճգնաժամերի կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը հրապարակել են համատեղ հայտարարություն, որում դատապարտել են «Իսլամական պետության» զինյալների կողմից հումանիտար ծառայության ամերիկացի աշխատակից Քեսիգի մահապատիժը:

 

«Հումանիտար ծառայության աշխատակից Փիթեր Քեսիգի եւ մի քանի սիրիացիների դաժան սպանությունը այն բանի եւս մեկ վկայությունն է, որ ԻՊ-ն շարունակում է իրականացնել իր ահաբեկչական օրակարգը՝ խախտելով համաշխարհային ճանաչում ստացած բոլոր արժեքներն ու իրավունքները»,- ասված է ԵՄ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ: