Բելգիայի չափ տարածք ունեցող Հայաստանն արժե այցելել ոչ միայն իր գեղեցկության, այլև իր ժողովրդի հոգու համար: Ըստ արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի' հայերն անձնական անկախությունն այնքան են արժևորում, որ նրանք խստորեն ցուցաբերում են առավելագույն հարգանք մյուսների պահվածքի և անձի նկատմամբ: Եվ այսպես, «Բարի գալուստ, Հայաստան»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Air France ավիաընկերության նոյեմբերյան տեղեկատուում, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին:

 

Տեղեկատուն ներկայացնում է Հայաստանի հիշարժան քաղաքներն ու թանգարանները, որոնք անկասկած կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Նախ հեղինակները խոսում են Մատենադարանի մասին' նշելով, որ այն աշխարհի ամենահարուստ ձեռագրերի և փաստաթղթերի պահոցներից է: Այստեղ պահվում են գրեթե 18 հազար գրքեր (որոնց մեջ կան նաև սկզբնաղբյուրներ) հայերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն, պարսկերեն, եբրայերեն, եթովպերեն:

 

Պատմելով Հայաստանի մասին' տեղեկագրի հեղինակ Ռաֆայել Ֆյուիլատղը, բնականաբար, չի շրջանցել հայերի համար խորհրդանիշ դարձած Արարատ լեռը: «Մի երկրում, որտեղ հավատը հզոր ուժ է, Արարատ սարը, կանգնած լինելով Թուրքիայի հետ այսօրվա սահմանին, պատկերված է զինանշանի վրա և ամենահզոր խորհրդանիշներից մեկն է»,- ասվում է հոդվածում և պատմվում Հին Կտակարանից եկող պատմությունն այն մասին, որ Նոյն իր տապանով կանգ է առել հենց այս սարի գագաթին:

 

«Սարերի երկիր». նման խորագիր է կրում տեղեկատուի բաժիններից մեկը: Հեղինակը նշում է, որ հայերն իրենց երկրի վերաբերյալ այս անվանումը բացատրելիս ասում են, թե Աստված աշխարհն արարելուց հետո ավելացած լեռներն այստեղ է թողել: Հայաստան այցելողներին նա խորհուրդ է տալիս չմոռանալ իրենց հետ բերել լավ կոշիկներ, քանի որ այստեղ քայլելու անհամար հնարավորություններ կան: Անդրադարձ է կատարվում Գորիսին, Գառնու տաճարին, ինչպես նաև «Քարերի սիմֆոնիային»:

 

Հատուկ բաժին է առանձնացված հայկական խաչքարերին, որոնք բնորոշ են Հայաստանին: Դրանցից որոշները փորագրված են անմիջապես վանքերի և եկեղեցիների պատերի մեջ, քարանձավներում, սակայն դրանց մեծ մասը կանգնեցված են առանձին-առանձին: Հեղինակը պատմում է խաչքարերով հարուստ վայրերի մասին, ինչպիսին է, օրինակ, Նորատուսը:

 

Հայաստան այցելողների համար յուրահատուկ գրավչություն են հայկական վանքերը: «Նրանք տարածված են ողջ երկրով մեկ և նրանց ուշագրավ, բայց միաժամանակ նաև պարզ ճարտարապետությունն ավելի գրավիչ է դառնում դրանց շրջակա միջավայրի շնորհիվ, և երբեմն պահանջվում է երկար ժամանակ այդ վանքերին հասելու համար»,-պատմում է հեղինակը: Նա առանձնացնում է երեք վանք, որտեղ անկասկած արժե լինել' Նորավանք, Տաթև և Գեղարդ:

 

«Երկնքի մի հատված երկրի վրա». հեղինակն այսպես է բնութագրում Սևանա լիճը' Հայաստանի մարգարիտը:

 

Նա պատմում է նաև Ոսկու շուկայի մասին' փաստելով, որ հայկական ոսկեգործական հանճարի մասին գիտեն ողջ աշխարհում:

 

Հեղինակը պատմում է նաև հայկական ավանդական ուտեստների մասին' բնականաբար դրանց թվում առանձնացնելով հայկական խորովածը, դոլման, ղափաման, լավաշը և այլն:

 

Air France-ի' Հայաստանին նվիրված տեղեկագրում այս պատմությունները համեմված են գեղեցիկ և խոսուն լուսանկարներով, որոնք ավելի արտահայտիչ են դարձնում հայկական պետության մասին արված պատմությունները: