Լեռնային Ղարաբաղում կործանված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու նպատակով Երևանի և Բաքվի միջև ընթանում են բանակցություններ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ այս պահին բանակցություններն ընթանում են կողմերի միջև, սակայն որևէ հստակ տեղեկատվություն չի կարող հաղորդել բանակցությունների փուլերի և արդյունքների մասին:

 

«Նոյեմբերի 13-ից կողմերի միջև ընթանում է երկխոսություն: Դրա նպատակն է հնարավորինս արագ կողմերին բերել դեպքի վայր, որպեսզի պարզաբանվի ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Այս պահին կարող ենք միայն փաստել, որ ընթանում են բանակցություններ շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Մեր կազմակերպությունը հակամարտության գոտում գործող իր պատվիրակությունների միջոցով անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կողմերը համաձայնություն հասնեն: Մշտական կապի մեջ են Երևանի հետ, բանակցություններ են տարվում Բաքվի հետ: Համապատասխան աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք հասնել արդյունքի»,- հայտնեց Զառա Ամատունին:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր' նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն և արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ: