ՀՀ ՊՆ նախաձեռնած «Մեր բանակը մեր տունն է և մեր ամրոցը» կարգախոսով հերթական հանդիպումը զինծառայողների ծնողների հետ կայացավ նոյեմբերի 17-ին' Կապանում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարները, Սյունիքի մարզից զորակոչված ավելի քան 40 պարտադիր ժամկետային զինծառայողներ ու նրանց ծնողները:

 

Հանդիպումը կազմակերպվում է բանակ-հասարակություն կապի ամրապնդման, հայոց ընտանքիների ավանդական սկզբունքների պահպանման շրջանակում և նպատակ է հետապնդում էլ ավելի սերտացնել համագործակցությունը' ամրապնդելով ծնող-հրամանատար հարաբերությունները: Միջոցառմանը գովասանքի խոսքեր հնչեցին 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում իրենց ծառայությունը կատարող Սյունիքի մարզից զորակոչված զինվորների հասցեին:

 

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին' սյունեցի զինվորների հետ Կապանում գտնվելու համար: «Հպարտություն ենք ապրում, որ սյունեցի զինվորի հասցեին հնչում են նման լավ խոսքեր: Սյունեցի զինվորներ, շնորհակալություն ձեզ նման ծառայության համար: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին»,- ասաց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

 

 

Հանդիպմանը ներկայացվեց մի տեսաֆիլմ' նվիրված 3-րդ բանակային կորպուսի կազմավորմանն ու տարեգրությանը: Ելույթ ունեցան զինծառայողներ, ծնողներ, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին բանակին: «Ձեր որդիները դժվարին, վտանգավոր, բայց նաև չափազանց կարևոր խնդիր են կատարում' զենքը ձեռքներին հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պահում են մեր հայրենիքի սահմանները»,- ասաց Օնիկ Գասպարյանը և երախտագիտություն հայտնեց ծնողներին' նման որդիներ դաստիարակելու համար:

 

 

Վերջում սյունեցի լավագույն զինծառայողները պարգևատրվեցին կարճատև արձակուրդով, իսկ նրանց ծնողները' շնորհակալագրերով: Միջոցառման համերգային ծրագիրը Կապանում զինվորների ու ծնողների հանդիպումը վերածեց իսկական տոնի:

 

Ելույթ ունեցան Կապանի մշակույթի կենտրոնի երաժիշտ կատարողները և 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորմասերից մեկի' Նոյեմբերյանի գնդի գեղարվեստական ինքնագործ խումբը:

 

 

Գոհար Իսախանյան