Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2015թ. պետական բյուջեի պլանավորման և նախատեսվող նոր ծրագրերի հետ կապված որոշ հարցեր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետի խոսքով՝ 2015թ. պետբյուջեի եկամտային մասի ավելացումը նվազ է նախատեսվում, քան սոցիալական ծախսերի ավելացումը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է խնայողաբար պլանավորել պետբյուջեն:

 

 

Անդրադառնալով շրջանների վարչակազմերի ծախսերին՝ կառավարության ղեկավարը կարևորել է դրանց արդյունավետ և համամասնորեն պլանավորումը: Արայիկ Հարությունյանը հավելել է, որ շարունակվելու են շրջաններում իրագործվող պետական բոլոր ծրագրերը՝ հիմնվելով գյուղական բնակավայրերի զարգացման սկզբունքի վրա:

 

 

Վարչապետը ներկայացրել է պետբյուջեի միջոցներով մեկնարկող նոր ծրագիրը, որի շրջանակներում 2015թ.-ից սկսած 2 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվելու, ինչպես նաև վարկային արտոնյալ պայմաններ են տրամադրվելու գյուղերում բնակարան կառուցող երիտասարդ ընտանիքներին: Նա հավանական է համարել, որ կախված ծրագրի պահանջարկից՝ կառավարությունը շինանյութով ևս կաջակցի շահառու ընտանիքներին:

 

Գործադիրի ղեկավարը շեշտադրել է այդ ծրագրի կարևորությունը գյուղերում երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման, ինչպես նաև ժողովրդագրական աճի խթանման գործում:

 

Խորհրդակցության ժամանակ շրջվարչակազմերի ղեկավարները հանդես են եկել աշնանացանի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցումներով: Այդ կապակցությամբ վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ: