ՄԱԿ-ի անդամ 193 երկրների կեսից պակասն է նոյեմբերի 18-ին պաշտպանել այն բանաձեւը, որն Իրանի իշխանություններին մեղադրում է իր քաղաքացիների իրավունքների «լուրջ խախտումների» մեջ: Չնայած դրան, փաստաթուղթն, այնուամենայնիվ, ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քվեարկության ընթացքում Կանադայի կողմից ներկայացված բանաձեւին աջակցություն է հայտնել 78 երկիր՝ գլխավորապես ՆԱՏՕ-ի անդամները, ինչպես նաեւ Իսրայելը: Փաստաթղթի ընդունմանը դեմ է արտահայտվել 35 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը, Ղազախստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան եւ Լիբանանը: Եվս 69 երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում՝ Բրազիլիան, Հորդանանը, Լիբիան, Սաուդյան Արաբիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Փաստաթղթում «խորը մտահոգություն» է հայտնվում Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ «խաղաղ հավաքներ անցկացնելու, ազատախոհության եւ կարծիքներ հայտնելու համատարած եւ լուրջ սահմանափակումների», ինչպես նաեւ «իրավապաշտպանների սիստեմատիկ հետապնդումների եւ ճնշումների» եւ լրագրողների, բլոգերների ու սոցիալական ցանցերի օգտատերերի վերսկսված բռնաճնշումների կապակցությամբ:
Բացի այդ, բանաձեւը Թեհրանին մեղադրում է ընդդիմադիրների կամայական մահապատիժների, կտտանքների եւ հալածանքների, ինչպես նաեւ կանանց, կրոնական ու լեզվական փոքրամասնությունների խտրականության մեջ՝ պահանջելով դադարեցնել այդօրինակ պրակտիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: