Ադրբեջանը, անտեսելով ղարաբաղյան հակամարտությունում մշտապես սադրող կողմ լինելու փաստը, հիմնախնդի չկարգավորվածության մեջ կրկին սկսել է մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը' մեղադրելով Մինսկի խմբի միջնորդական առաքելությանն անգործության մեջ:
«Ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող հաջող քայլեր ձեռնարկել: Պատճառն այն է, որ համանախագահներն անտեսում են միջզգային իրավունքը: Նրանք երբեք չեն հիշատակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը»,- հայտարարել է Մամեդովը: Նա նշել է, որ եթե դեպքերի զարգացումը հետագայում էլ նման կերպ ընթանա, «միգուցե արդեն ադրբեջանական կողմն իր ուժերով փորձի կարգավորել խնդիրը»' պնդելով, թե դա Ադրբեջանի իրավունքն է:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ընդգծել է. «Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը»: