Ազգային ժողովում քննարկվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծի մասին իր մտավախությունը հայտնեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք համաշխարհային ֆինանսական կենտրոնների աջակցությամբ ընդունվող օրենքների հարցում պետք է զգուշություն դրսևորենք: Նրանք շահագրգռում են իշխանություններին, որպեսզի այդ օրենքներն ընդունենք՝ հնարավորինս ձեռք չտալով սկզբունքային կետերին: Մեր անկախության սկզբնական տարիներին այս աշխատաելաոճը հասկանալի էր, բայց հիմա պետք է ձեռնպահ մնանք այսպիսի խայծերից: Այս օրենքը կոշտ միջամտություն է մեր օրենսդրական դաշտ: Այստեղ դեռ անելիքներ կա, որովհետև սա իր հետ բերելու է բազմաթիվ անկախանտեսելի խնդիրներ»:
Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը՝ պատասխանելով Գագիկ Ջհանգիրյանին ասաց, որ որևէ միջազգային ինստիտուտի պարտադրանք չկա, ավելին, նրա խոսքով՝ բավականին շատ ինստիտուտներ, սրա հետ մեկտեղ, որ առաջարկվում էր Համաշխարհային բանկի կողմից, չեն ընդունել:
Ըստ Արսեն Մկրտչյանի՝ Քրեական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը ծնվել էր իրավակիրառ հարցերի պատճառով, թեև ինքը նույնպես բնավ հակված չէ որևէ իրավահարաբերություն քրեականացնել: