Ամերիկացի գիտնականները շարունակում Է ջերմաստիճանային նոր ռեկորդներ արձանագրել Երկրի վրա եւ նախկինի պես սպասում են, որ այս տարին ամենատաքը կլինի օդերեւութաբանական դիտարկումների ողջ 135-ամյա պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունը, որը հրապարակել է իր նոր հետազոտության արդյունքները:

 

Դրանում նշվում Է, որ հոկտեմբերին մեր մոլորակում միջին ջերմաստիճանը հասել Է ըստ Ցելսիուսի 14,74 աստիճանի, ինչն ավելի բարձր է, քան նախկինում երբեւէ: Այս տարի արդեն ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել մայիսին, հունիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին: Հունվարը, մարտը, ապրիլը եւ հուլիսը նույնպես շատ տաք են եղել:

 

Ամերիկացի կառավարական փորձագետների հաշվարկների համաձայն՝ այս տարվա առաջին տասն ամիսները ամենատաքն են եղել օդերեութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ ժամանակաշրջանում միջին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի կազմել Է 14,78 աստիճան: ԱՄՆ-ի օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչության աշխատակիցները համոզված են, որ 2014 թվականը կգերազանցի նախորդ բոլոր ռեկորդները: «Միակ հարցն այն Է, թե որքան կլինի միջին ջերմաստիճանը»,- ասել Է Էշվիլում (Հյուսիային Կարոլինայի նահանգ) գործող Կլիմայական տվյալների ազգային կենտրոնի ղեկավար Դեկե Առնդտը:

 

Նրա գնահատումների համաձայն՝ անցյալ տարի մոլորակի վրա միջին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի կազմել Է 14,52 աստիճան: Արդյունքում 2013 թվականը ջերմաստիճանային ցուցանիշով չորրորդ տեղն Է զբաղեցրել՝ սկսած 1880 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: