Անկարելի է գրել՝ առանց հուզվելու, ընկածներին փառաբանելու ու բանակն արժեվորելու:


Տասը օր բոլորիս արժանապատվությունը խոցված էր. մեր տեսակի, ազատության, մեր երեք եղբայրների նկատմամբ նենգություն, ոտնձգություն էր կատարվել:


Այսօր առավոտ արթնացանք՝ մեր արժանապատվությունը վերագտած:

 

Երեք քաջերի, «թռչող հրեշտակների» կյանքը հետ չես բերի, բայց նրանց մարմինները կամփոփվեն մայր հողում՝ իրենց Սպարապետի, նահատակ ախպերների կողքին:


Հայոց հողն ավելի կիմաստնանա, կհարստանա մասունքներով, մեր պատմությունն իրական լեգենդի նման կարժեվորի «թռչող հրեշտակներին», որոնց թռիչքի մեջ ազատության խորհուրդն էր, այն, ինչ կոչվում է նվիրում հայրենիքի, մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:


Հայկական զինուժի հատուկ գործողությունների շնորհիվ՝ տղաները վերադարձան հայրենիք՝ հավերժի ճամփորդ դարձած, իրենց գեղեցիկ թռիչքն ավարտին հասցնելու պատգամը մեզ փոխանցած:


Վազգենից հետո, անհաղորդ եմ դարձել վշտի, կորստի հանդեպ:


Վազգենից հետո, կորցրել եմ արժանապատվությունս ու ինձ մեղավոր եմ համարում Եռաբլուրի ու շիրիմների առաջ:


Վազգենից հետո, հայրենիքս պուճուրացած ու Եռաբլուրում ամփոփված եմ գտել:


Վազգենից հետո, առյուծի դեֆիցիտ ու շակալի ավելցուկ եմ զգացել:

 

Էսօր առավոտ այլ զգացողություն ունեցա. արժանապատվության արթնացում, հայրենիքը վերգտնելու ուժ, հպարտություն, որ ես Հանրապետության, իր քաղաքացու արժանապատվությունը, իր զինվորի մասունքը գնահատող Հանրապետության քաղաքացի եմ:


Ես կարող եմ, պարտավոր եմ տեսնել Վազգենի երազած Հայաստանը, որն Եռաբլուրի հզոր ուժով, մեր նահատակ ախպերների նվիրումով ու Տիրոջ լույսով մեզ կհասցնի համամարդկային ու քրիստոնեական արժեքներին:


Ես հպարտացա այն բանակով, որի հիմքը դրել է Վազգենը, որի ղեկին այսօր՝ ամեն զինվորի ցավով ու կորստով ավելի իմաստնացած, ավելի ուժեղացած Սեյրան Օհանյանն է: Ես տեսել եմ գեներալի ցավը՝ յուրաքանչյուր զինվորի կորստի, տառապանքի առիթով, ես զգացել եմ նրա սերը մեր հպարտության ակունք բանակի հանդեպ:


Ես հպարտացա Երկրապահի խենթությամբ, բայց նաև զսպվածությամբ. թշնամուն պատժելու հաստատակամություն, բայց նաև գերագույն գլխավոր հրամանատարին ենթարկվելու կարգապահություն, որովհետև «մենք էլ էն որբը չենք, որ ով ուզի, գլուխներս խուզի»:

… Իսկ հեռվում, շատ հեռվում շատ գեղեցիկ մի թռիչք է՝ աննման, աննկարագրելի: Դեպի հավերժություն գնացող մեր «թռչող հրեշտակներն» են…


Սա նրանց վերջին, ամենավերջին, բայց հավերժական թռիչքն է…



Սուրեն Սուրենյանց