Վիրահայոց թեմը հերքում է վրացի հնագետների այն պնդումը, թե աշխատանքների ժամանակ Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցում հայտնաբերել են քարեր, որոնք ապացուցում են, որ Նորաշենը վրացա-հայկական եկեղեցի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի մամուլի բաժնի պատասխանատու Սուսաննա Խ աչատրյանն ասաց, որ թեմը բազմիցս ներկայացրել է գիտական հիմնավորումներն առ այն, որ սուրբ Նորաշենը 15-րդ դարի կառույց է եւ ի սկզբանե եղել է հայկական եկեղեցի:

 

«Վիրահայոց թեմը հերքում է վրացական կողմի բոլոր տեսակետները, թե իբր Սուրբ Նորաշենը վրացա-հայկական եկեղեցի է: Այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ մենք ունենք գիտական բոլոր ապացույցներն ու հիմնավորումները, որ Նորաշենը 15-րդ դարի կրոնական կառույց է եւ ի սկզբանե եղել է հայկական»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը:

 

Վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել, թե Թբիլիսի Սուրբ Նորաշեն եկեղեցում ամրացման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել են հետքեր, քարեր, որոնք փաստում են, որ եկեղեցին նաեւ վրացական ծագում: Վրացական «Գրուզիա Օնլայն» կայքն էլ գրում է, որ այդ քարերը փաստում են, որ եկեղեցին ոչ միայն պատկանել է հայ առաքելական եկեղեցուն, այլ նաեւ կաթոլիկներին: Կայքը ենթադրում է, որ Նորաշենը կառուցվել է վրացական եկեղեցու ավերակների հիման վրա: