Թեպետ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը մեկնաբանվել է որպես էթնիկ կրոնական հակամարտություն եւ կրոնական հողի վրա հարձակում, սակայն թե հայ, թե վրացի փորձագետները համոզված են, որ տեղի ունեցածը կանխամտածված չէր եւ ուներ բացառապես կենցաղային հիմք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հրավիրված ասուլիսում շեշտեց, որ Վրաստանում առկա է որոշակի լարվածություն հատկապես հայ եւ վրաց հոգեւորականների շրջանում:
«Վրաստանի պարագայում դա նորմալ է, հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանում այքդան շատ ազգային փոքրամասնություններ են ապրում, որ երկիրն ունի լուրջ հակամարտություն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, դա ընկալելի է: Ոչ ոք չի բացառում, որ Վրաստանի պատրիարքի եւ տեղի վիրահայոց թեմի միջեւ առկա է որոշակի լարվածություն, սակայն եկեղեցու վրա հարձակումը եղել է բացառապես կենցաղային հիմքի վրա»,- ասաց Մինասյանը:
Հանդիպմանը տեսակապով միացած Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գիորգի Գվիմրաձեն էլ նշեց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը լիբերալ են' հեռու քսենոֆոբիայից: Նա հավելեց, որ միջադեպը բացասական եւ անընդունելի են համարում նաեւ Վրաստանում եւ հասարակության մեծ մասը դատապարտել է այն:
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում իրականացվել էր ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, խուլիգանության հատկանիշներով: