Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) փորձել է խանգարել Բաքվում անցկացվող Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

 

Ադրբեջանցիները փորձել են մտնել հյուրանոց, որտեղ անցկացվում է նստաշրջանը, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց այդ գործողությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS PRESS հեռուստաալիքը:

 

ՂԱԿ-ը հեռուստաալիքին հայտնել է, որ իրենց ներկայացուցիչները մի քանի ժամ շարունակ տարբեր մարդկանց անվան տակ փորձել են մտնել հյուրանոց, սակայն, դա նրանց չի հաջողվել մեծ թվով ոստիկանական ուժերի տեղակայման պատճառով:

 

ՂԱԿ-ի առաջնորդ Աքիֆ Նաղին հայտնել է, որ օրվա ընթացքում շարունակելու են փորձել իրականացնել իրենց մտադրությունը:

 

«Մեր նպատակն ակցիա անցկացնելը չէ, այլ մտնելով նիստի դահլիճ, հայերին այնտեղից վռնդել պահանջելն է: Հայերին Բաքու հրավիրելը շարքային հարց չէ: Բաքու նրանց այցերի սովորական դառնալը ի չիք է դարձնում Ղարաբաղի ազատագրումը: Մենք ցանկանում ենք կանխել այդ գործընթացը», -հայտարարել է նա: