ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի շաբաթ առաջ գաղտնի հրամանագիր է տորագրել, որը կընդլայնի ԱՄՆ Զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում և թույլ կտա նրանց անմիջական մասնակցություն ունենալ երկրի տարածքում ռազմական գործողություններին: Այս մասին գրել է Газета.Ru-ն`հղում անելով The New York Times-ին:

 

«Օբամայի հրամանագիրը թույլ է տալիս ամերիկյան զորքերին գործողություններ իրականացնել «Թալիբան» շարժման և այլ խմբավորումների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ զինվորականների և աֆղանական կառավարության համար»,- նշել է պարբերականը:

 

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, նախագահի հրամանագրով թույլատրվում է օգտագործել ամերիկյան կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչուներ գործողությունների ընթացքում աֆղանստանցի զինվորականներին աջակցություն ցուցաբերելու համար։

 

Պարբերականի փոխանցմամբ`տվյալ փաստաթուղթը երկարաձգում է ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում առնվազն մեկ տարով։