Հայաստանի տարածքում առաջին դրամական միավորները հայտնվել են դեռևս Ք.ա. VI-V դարերում, սակայն դրամը՝ որպես ազգային արժույթ, ընդունվեց միայն անցյալ դարի վերջին: 1993 թվականի նոյեմբերի 22-ին նորանկախ Հայաստանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց դրամը` մեկնարկելով ազգային արժույթի պատմության նորագույն փուլը: Հայկական դրամի պատմության, ազգային արժույթների կարևորության մասին «Արմենպրես»-ը զրուցել է դրամագետ, ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության կարգավորման վարչության ներկայացուցիչ Գևորգ Մուղալյանի հետ:

 

-Թեև Հայաստանի նորագույն արժույթը` դրամը, ընդամենը 21 տարեկան է, սակայն պատմության ընթացքում մենք ունեցել ենք նաև դրամական այլ միավորներ: Ինչպիսի՞ վկայություններ կան դրանց վերաբերյալ:


-Դրամ բառը ծագում է հին հունարենի դրահմա բառից, որը նշանակում էր ափում եղած մետաղ: Հայաստանի տարածքից գտնված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հիմնականում հին հունական և աքեմենյան դրամներ էին: Սակայն դա դեռ հիմք չէ ասելու, որ մեզ մոտ այն ժամանակաշրջանում դրամաշրջանառություն է եղել:

 

Ամենահին հայկական դրամները վերագրվում են Քրիստոսից առաջ 3-րդ դարի 2-րդ կեսին, դրանք եղել են Ծոփքի հայոց արքաներ դրամները: Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:

 

Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ, իսկ Արշակունյաց հարստության դրամներ հայտնի չեն: Արշակունյաններից հետո մենք երկար ժամանակ անկախություն չենք ունեցել և հաջորդ դրամները թ ողարկվել են միայն 11-րդ դարում: Այդ շրջանում է ստեղծվել նաև առաջին հայատառ մետաղադրամը:

 

Մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները, որոնք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են: Կիլիկյան պետության թողարկումներից ևս մեզ են հասել տարբեր դրամներ:

 

Հաջորդ շրջանն արդեն 20-րդ դարին է վերագրվում: Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայսրության կազմից, ստեղծում են անկախ միավորում՝ Անդրկովկասյան կոմիսարիատ անվանումով և որոշում է ընդունվում թողարկել նոր թղթադրամների շարք:

 

1918 թվականին Հայաստանում շրջանառության մեջ են դրվել Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները:

 

ԽՍՀՄ թղթադրամների և մետաղադրամների շրջանառությունը Հայաստանի տարածքում շարունակվել է մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը՝ ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելը: Մոտավորապես, 70 տարվա ընթացքում Հայաստանում շրջանառության մեջ են եղել տարբեր թվականների նմուշների և տարբեր տիպերի դրամանիշեր:

 

-Դրամը շրջանառության մեջ մտավ այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ և փորձում էր դիմակայել հիպերինֆլյացիայի դրսևորումներին:Ի՞նչ նշանակություն ունեցավ ազգային արժույթի ընդունումը մեզ համար:


-Ազգային արժույթի ընդունումից հետո տնտեսությունն աստիճանաբար սկսեց կայունանալ: Բացի այդ, ազգային արժույթն անկախության խորհրդանիշ է: Այսօր կան պետութուններ, որոնք մինչ օրս չեն կարողանում պետականություն ստեղծել, քանի որ չունեն ազգային արժույթ: Դրամը մեզ համար ուներ նաև ճանաչողական նշանակություն: Ինչպես ասում են՝ նոր երկիր ժամանելիս մարդիկ առաջինը ծանոթանում են այդ պետության փողին:

 

Հայկական դրամն այսօր ունի ավանդույթներ և ճանաչում, ինչը շատ կարևոր է: Կենտրոնական բանկը թողարկում է թղթադրամներ, մետաղադրամներ և հուշադրամներ, որոնք որպես կանոն միայն արծաթից և ոսկուց են, ունենք նաև ներդրումային դրամներ: Ոչ միայն թղթադրամների, այլև հուշադրումների թողարկման հիմնական նպատակն այն է, որ մենք մեր հոգևոր և ազգային արժեքները ներկայացնենք աշխարհին, տարածենք դրանք և ճանաչելի դառնանք:

 

- Կեղծումներից որքանո՞վ է պաշտպանված հայկական դրամը:


-Մեր թղթադրամները և’ ձևավորմամբ, և’ պաշտապվածությամբ լավագույն թղթադրամների շարքին են դասվում: Այս առումով մենք պարծենալու տեղ ունենք: Եվ եթե շատերը ասում են, որ մոտ ապագայում էլ թղթային կամ մետաղային դրամներ չեն լինի և միայն անկանխիկ վճարումներ կարվեն, ապա փորձագետների մեծ մասի կարծիքով՝ դեռ շատ երկար ժամանակ մեզ դրամներ պետք կլինեն:

 

-Ինչպիսի՞ն է նորմատիվային դաշտը Հայաստանում , ի՞նչ ընթացակարգ է ենթադրում դրամի թողարկումը:


-Մեզ մոտ միայն պետությունը իրավունք ունի թողարկել դրամ, իսկ պետության կողմից այդ իրավասությունը տրված է միայն ՀՀ կենտրոնական բանկին: Դրամի թողարման որոշումն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Թողարկման վերաբերյալ տարբեր կենտրոնական բանկեր տարբեր մոտեցումներ ունեն: Որոշ երկրներում դրամական միավորի պատկերումն ու ձևավորումը թողնվում է նկարչի հայեցողությանը:

 

Նրան հանձնարարություն է տրվում և հենց նա էլ մշակում է դրամի նախատիպը: Սակայն այստեղ միայն նկարչական հմտությունները քիչ են, քանի որ թղթադրամի վրա պետք է նաև պաշտպանական հատ վածներ լինեն, իսկ որոշ հատվածներ պետք է զուրկ լինեն պատկերներից:

 

Մեզ մոտ դրամի թողարկման ընթացակարգն ուրիշ է: Հայաստանում թողարկումը միայն մրցութային կարգով է իրականանում: Առաջին մրցույթը միայն դրամանիշի դիզայնի մրցույթն է, որը հրապարակային լուսաբանվում է, և ցանկացած մասնակից կարող է ներկայացնել իր առաջարկը: Նրանց տարբերակները գալիս են կոդավորված, և ընտրող ժյուրին նախապես չգիտի, թե ովքեր են դրանք ուղարկել: Մրցութային հանձնաժողովն ու գեղարվեստական կոմիտեն իրենց կարծիքն են տալիս, որի հիման վրա էլ էսքիզներն ուղարկվում են խորհրդին, որն էլ որոշում է հաղթողին:

 

Երկրորդ մրցույթը տպագրության համար է: Որպես կանոն՝ մենք հիմա մրցույթին հրավիրում ենք միայն այն տպագրողներին, ովքեր ունեն փորձ այդ ոլորտում և կազմակերպել են եվրոյի տպագրություն և թողարկում: Այս պահանջը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունում բավականին բարձր են թողարկման պահանջները:

 

-Եթե խոսենք դրամի գրաֆիկական պատկերի մասին, ինչպե՞ս կբնութագրեք այն:


-Հայկական դրամի գրաֆիկական պատկերը շատ պարզ ձև ունի. «Դ» տառը` երկու գծիկով: Դա շատ երկրներում ընդունված խորհրդանիշ է, և այն հարմար է ճանաչողական իմաստով: Խարհրդանիշի առկայությունն իր դրական կողմերն ունի, քանի որ այն նպաստում է արժույթի ճանաչմանը: