Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին' Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:

 

Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:

 

70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին' ուրախությամբ համակելով և լուսավորելով հոգիները նաև մեր ժողովրդի զավակների, ովքեր հերոսական մասնակցություն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում և հաղթանակի կերտման գործում: Հայրենասիրության նույն անվեհեր ոգով ծնունդ առավ և հաղթանակով պսակվեց նաև Արցախի ազատամարտը' դառնալով հերոսական ու փառապանծ հաղթանակի նոր էջը մեր պատմության:

 

Տոնական այս օրը Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղության Իր շնորհների ներքո անվրդով պահպանի հայրենի մեր երկիրը և օրհնի աստվածասեր մեր ժողովրդին' պարգևելով ապահով ու բարօր կյանք:

 

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ: Ամեն»: