Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան այցելել է Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոն եւ խոստացել հատկացնել օժանդակություն դրա հիմնանորոգման համար: Թատրոնի շենքի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին: Այցելությանը նախորդել է Վրաստանի մշակույթի նախարարությունում նախարարի եւ թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանի հան դիպումը: Բայանդուրյանը ներկայացրել է թատրոնի շենքային պայմաններն ու շեշտել, որ արդեն չորս տարի է շենքը համարվում է վթարային, եւ թատրոնի ներկայացումներն այլ վայրում են տեղի ունենում:

 

Նախարարն ասաց, որ անձամբ կայցելի եւ կծանոթանա թատրոնի շենքային պայմաններին: Նախարարը խոստացավ, որ կաջակցի շենքի վերանորոգման հարցում: Հիմնական մտահոգությունն այն է, որ շենքի հետ կապված առաջնային խնդիրները լուծվեն: Զուգահեռ կընթանան նաեւ մնացած աշխատանքները: «Առաջին քայլը պետք է մենք կատարենք, որպեսզի կողքից էլ օգնեն: Մենք կսկսենք վերանորոգումը եւ հույս ունենք, որ այս հարցում կստանանք նաեւ Հայաստանի աջակցությունը»,- Վրաստանի մշակույթի նախարարի խոսքերն է փոխանցում թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը:

 

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն էլ է այցելել թատրոն եւ ծանոթացել շենքային պայմաններին: «Մենք ներկայացրեցինք այն, ինչ կատարվել է թատրոնում: Պարոն դեսպանն էլ շրջեց թատրոնի վթարային մասում եւ խոստացավ աջակցել թատրոնի վերանորոգման հարցով»,- ասաց Բայանդուրյանը'հավելելով, թե հույս ունեն, որ մինչեւ թատրոնի 160-ամյակը շենքը կվերանորոգվի:

 

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ևս կարեւորել է թատրոնի գոյությունը Թբիլիսիում եւ խոստացել գումար հատկացնել դրա վերանորոգման համար:

 

Անկախ շենքային պայմաններից' թատրոնում եռուն եւ ստեղծագործական մթնոլորտ է տիրում: Ներկայացումներ, հյուրախաղեր, նոր բեմադրություններ: Բայանդուրյանը հավաստիացնում է, որ թատրոնում մթնոլորտի կամ ստեղծագործական կյանքի առումով փոփոխություն չկա, սակայն վստահ է, որ շենքային բարեկեցիկ պայմաններում ստեղծագործական ոգին ավելի բարձր կլինի:

 

«Թատրոնը հյուրախաղերով Վրաստանի քաղաքներում է լինում: Այս տարի մենք ունեցել ենք քառասունից ավելի ներկայացում եւ ներկայացրել չորս պրեմիերա: Միակ խնդիրն այն է, որ մենք մեր տանը չենք խաղում, մնացածը…աշխատում ենք, թատրոնը գործում է, մնում է, որ շտապ տուն վերադառնանք, քանի որ տունը լավ բան է: Եթե ստեղծագործական անձնակազմը տանը չէ, ինչ-որ մի բան կորչում է»,- ասաց Արմեն Բայանդուրյանը' հավելելով, որ թատրոնում հատուկ նախապատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մարտին թատրոնը Երեւանում կմասնակցի «Արտավազդ» փառատոնին եւ կներկայացնի «Ապրիլի 24» ներկայացումը:

 

Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը 159 տարվա կենսագրություն ունի: Վթարային լինելու պատճառով արդեն չորս տարի թատրոնի շենքը չի գործում: Հյուրախաղերով հաճախակի հանդես է գալիս Վրաստանի ամենատարբեր քաղաքներում, մասնակցում Հայաստանում անցկացվող թատերական բոլոր փառատոններին: