Սյունիքի մարզի դատախազությունն արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին' («Ասեկոսե.am» կայքի «Ինչ արել եմ' կարգով եմ արել, ինչ չեմ արել' օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ», «Առավոտ.am» կայքի Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»), հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները' կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով:
Նելսոն Ոսկանյանը, շահույթ ստանալու նպատակով, հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Նելսոն Ոսկանյանի հարազատները:
Ի դեպ, հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս:
Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մաս (յոթ դրվագ) և 310 հոդվածներով: