«Երկու օր է, ինչ աշխատում եմ, նոր եմ ստանձնել պարտավորությունները, նորմալ է, ծանոթանում եմ ընդհանուր համակարգին, փորձում ենք կազմակերպել աշխատանքները»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը՝ պատասխանելով հարցին, թե ընտրությունների ժամանակ քաղաքում լարված մթնոլորտ էր տիրում, ի՞նչ իրավիճակ է հիմա:

 

Քաղաքապետը չցանկացավ անդրադառնալ այն լուրերին, թե իրեն ընտրություններին աջակցում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

 

«Ընտրություններն արդեն վերջացել են, չէի ցանկանա նորից անդրադառնալ, բայց իմ թեկնածությունը պաշտպանել է ՀՀԿ-ն, իսկ նախկին մարզպետը ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է և այդքանով պաշտպանել է իմ թեկնածությունը: Իմ թեկնածությունը պաշտպանել է ՀՀԿ ողջ կառույցը, այդ թվում նաև՝ գործող մարզպետը: Պետք չէ խիստ անձնավորել»,- ասաց Ադունցը:

 

Հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները գործող մարզպետ Վահե Հակոբյանի հետ, Գորիսի քաղաքապետը պատասխանեց. «Լավ են հարաբերությունները, դրա ապացույցն իմ ներկայությունն է այստեղ» (քաղաքապետը մասնակցում էր Կապանում սահմանադրական բարեփոխումների քննարկմանը- խմբ.):