ԳԱԼԱ-ի փոխանցմամբ այսօր մայրաքաղաքում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, հանդիպել ու մեկ սեղանի շուրջ զրուցել են Շիրակի նախկին եւ Սյունիքի ներկա մարզպետները: Աշոտ Գիզիրյանն ու Սուրեն Խաչատրյանը ԳԱԼԱ-ի թղթակցին չեն ասել հանդիպման նպատակի եւ համատեղ զրույցի բովանդակության մասին: Իսկ համատեղ այս զրույցը հետաքրքիր է «Արմենիա Մարիոթ»-ում հատկապես այն տեսանկյունից, որ օրեր առաջ տարբեր լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, որ Սյունիքի մարզպետը Երեւանի ընտրություններում մասնակցություն ունեցած սյունեցինեին վճարելու համար նրանց հրավիրել է «Արմենիա Մարիոթ»:

Ավելի ուշ Աշոտ Գիզիրյանը մեզ փոխանցեց, որ ինքը պատահաբար է հանդիպել Սուրեն Խաչատրյանի հետ, եւ նրանք զրուցել են որպես գործընկերներ:

«Հեչ, հանդիպեցինք պատահական, գործընկերներ էինք, բարեւեցինք, զրուցեցինք, երկուսով էլ չէինք, երեքով էինք, մեկ ուրիշ մարդ էլ կար»,-նշեց Աշոտ Գիզիրյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե մամուլը տեղեկություններ էր հրապարակել, որ նշված վայրում Սուրեն Խաչատրյանը գումարներ էր բաժանելու Երեւանի ընտրություններին մասնակցած սյունեցիներին, Աշոտ Գիզիրյանը ասաց, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ:

«Չէ, չէ, չէ, մեր հանդիպումը դրա հետ կապ չունի»,-ասաց Աշոտ Գիզիրյանը: