ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն այսօր' հուլիսի 11-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի քաղաքային համայնքների, ինչպես նաև հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների, պետական և ուժային կառույցների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ գրեթե բոլոր ներկաները լավ ճանաչում են նրան, որը վայելում է սյունեցու հարգանքն ու վստահությունը: Ընդգծելով վերջինիս աշխատանքային կենսագրությունը, հույս հայտնեց, որ այն կծառայի ի նպաստ մարզի խնդիրների լուծմանն ու զարգացմանը: Այս մասին գրում է Aravot.am-ը:

«Հանձին Վահե Հակոբյանի' մենք ունենք մի մարզպետ, ով ամբողջությամբ պատկերացնում է պետական գործառույթների նշանակությունը և, կարծում եմ, գիտակցում է այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան ինչպես հանրապետությունում, այնպես էլ, մասնավորապես, Սյունիքի մարզում»,-ասաց Վ. Տերտերյանը և նրան ցանկացավ աշխատանքային հաջողություններ ու արգասաբեր գործունեություն:
Անդրադառնալով նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի գործունեությանը՝ Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց վերջինիս արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար, մասնավորապես նշելով, որ ի դեմս նրա՝ Սյունիքը հանրապետությունում միշտ էլ բարձր ցուցանիշներ է արձանագրել:

Ս. Խաչատրյանը նույնպես շնորհավորեց նորանշանակ մարզպետին' բարեմաղթելով նրան աշխատանքային հաջողություններ, այնուհետև շնորհակալություն հայտնեց ներկաներին համատեղ աշխատանքի ու ձեռքբերումների համար, միևնույն ժամանակ հորդորեց շարունակել աշխատել նույն ռիթմով:

Նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը ողջունելով բոլորին՝ շնորհակալություն հայտնեց հնչած բոլոր բարեմաղթանքների համար և վստահություն հայտնեց, որ օրենսդիր ոլորտում իր գործունեության տարիները նպաստել են ավելին տեղեկանալու մարզի հիմնախնդիրներին ու հոգսերին, ըստ այդմ՝ շատ գործնական ու նորմալ հարաբերություններ կձևավորվեն բոլոր պետական կառույցների հետ, միևնույն ժամանակ հաշվի առնելով մարզի տարածաշրջանային առանձնահատկությունները՝ բոլոր հնարավորությունները կներդնի ի նպաստ Սյունիքի մարզի զարգացման ու բարօրության:

Լուսանկարը՝ Aravot.am-ի։