Կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:
Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին: Խոսակցություններ կային, որ իշխանությունները դժգոհ են մարզպետի պաշտոնում Հակոբյանի աշխատանքից: Ինքը՝ նախկին մարզպետը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնավարման ընթացքում, իհարկե, ունեցել եմ և՛ սխալներ, և՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ: Արել եմ հնարավորը»:
Եվ ահա, ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետի թափուր պաշտոնին նշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Որքանով են հավաստի տարածվող խոսակցությունները, Orer.am-ը փորձեց պարզել հենց Խաչատրյանից: «Իմ՝ մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո ինչքան պաշտոն ազատվեց՝ լրատվամիջոցները ինձ «նշանակեցին» այնտեղ: Ես որևէ առաջարկ չեմ ստացել, խոսակցությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- փոխանցեց Սյունիքի նախկին մարզպետը: