Սյունիքի վերջին դեպքերից հետո, նախաքննությունից զատ, ամենից շատ քննարկվող թեման է, թե ո՞վ կնշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում: Ներկայումս շրջանառվում է երեք հավանական թեկնածուի' ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի և Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ»-ի նախագահ Խաչիկ Ասրյանի անունները:
HayNews.am-ը զրուցեց վերջինիս հետ.

-Պարոն Ասրյան, վերջին զարգացումների արդյունքում շրջանառվում է Ձեր անունը իբրև Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուի...

-Վերջին ժամանակներում հաճախակի է քննարկվում իմ պաշտոնի փոփոխության հարցը, այդ թվում նաև Սյունիքի մարզպետ նշանակվելու հետ կապված: Բայց ուզում եմ այս պահին հստակ ասել, որ որևէ քննարկում, որևէ առաջարկություն ինձ չի եղել իմ պաշտոնի փոփոխության վերաբերյալ:

-Բացի Ձեր անունից, իբրև հավանական թեկնածուներ շրջանառվում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի և գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի անունները: Անկասկած ճանաչում եք այդ մարդկանց, ի՞նչ կարծիքի եք նրանց մասին:

-Նախ ուզում եմ ասել, որ և Վարդան Ավետիսյանը, և Վահե Հակոբյանը ինձ համար հարազատ մարդիկ են: Ավելին ' նրանց հետ ես ընկերություն եմ անում շատ երկար տարիներ և միայն կարող եմ ողջունել նրանց արժանի թեկնածությունները Սյունիքի մարզպետի պաշտոնում: Միաժամանակ ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ և ինձ հետ կապված, և յուրաքանչյուրի հետ կապված նշանակման որոշումների կայացնողը միանշանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Այնպես որ, վերջին օրերի խոսակցությունները որոշ շրջանակների շահագրգռվածության արդյունք է:

-Եթե այնպես ստացվի, որ Ձեզ չնշանակեն, այլ վերոնշյալ երկու անհատներից մեկը նշանակվի Սյունիքի մարզպետ, ո՞րը կլինի Ձեր արձագանքը:

-Իմ արձագանքը կլինի միանշանակ դրական, քանի որ ինձ համար հայոց նախագահի որոշումները քննարկելի չեն: Միաժամանակ սրտանց կշնորհավորեմ ընկերներիցս յուրաքանչյուրին, ով կնշանակվի այդ պաշտոնին:

Եվ ուզում եմ չարակամներին ասել, որ որևէ պաշտոնի նշանակման կամ չնշանակման պատճառով և Խաչիկ Ասրյանը, և Վահե Հակոբյանը, և Վարդան Ավետիսյանը որևէ թշնամական վերաբերմունք չեն դրսևորի:

HayNews.am