Միշտ էլ ընտրություններում նման պրոցեսներ լինում են' առաջադրվում են, ինքնաբացարկ են հայտնում: Այս մասին այսօր' ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Վերջինիս խոսքով' թեկնածուների ինքնաբացարկը պայմանավորված է նրանով, ոեր հասարակության մեջ պառակտումներ չլինեն:
«Եղել են թեկնածուներ, և թեկնածուներից մեկն էլ, այո, հայտարարեց, որ որպեսզի լարվածություն չլինի, հասարակության մեջ նոր պառակտումներ չստեղծվեն, նա իր թեկնածությունը հանեց»:
Հիշեցնենք, որ գրանցված թեկնածուները չորսն էին, սակայն նրանցից երկուսը ինքնաբացարկ են հայտնել' ինքնաառաջադրված Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանը:
Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Տիգրան Կարապետյանը «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրենն է: Նա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շրջապատից է, և մարզպետն այս ընտրություններում սատարելու էր հենց նրան:
Այժմ թեկնածուները երկուսն են' ՀՀԿ-ի կողմից առաջադրված, «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցը և անկուսակցական, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Ցոլյանը:
Գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև մայիսի 29-ը: Նախընտրական քարոզարշավը Գորիսում մեկնարկել է մայիսի 21-ին և կտևի մինչև հունիսի 6-ը: