ԱՄՆ-ը եւ Եվրոպան չեն կարողանա ծնկի բերել Իրանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ Կում քաղաքում՝ Իրանի շիաների խոշորագույն կենտրոնում, ելույթ ունենալով աստվածաբան դասախոսների առջեւ:

 

«ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին, որոնք նեոգաղութատիրական արտաքին քաղաքականություն են վարում, չի հաջողվի ծնկի բերել Իրանին»,-Ալի Խամենեիի խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը:

 

Այս հայտարարությունն արվել Է Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» միջեւ ավարտված բանակցությունների արդյունքների կապակցությամբ, որոնց ընթացքում այդպես Էլ չհաջողվեց համաձայնության հասնել իրանական միջուկային ծրագրի ապագայի շուրջ:

 

Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցություններում «իրանական մեծ ժողովրդի հաղթանակի մասին»: «Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, որ Իրանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ է խստացնել. այսպիսին է մեր այսօրվա դրությունը,- պարզաբանել է Ռոուհանին:- Ամբողջ աշխարհն ասում է, որ վերջնական պայմանավորվածության հասնելու համար մեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ, ավելի շատ քննարկումներ»:

 

Նրա խոսքով՝ Վիեննայի բանակցություններում մասնակիցներին հաջողվել է հաղթահարել բազմաթիվ տարաձայնություններ: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը «վաղ թե ուշ կբերի համաձայնության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: