Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը ծաղկեպսակներ է դրել քաղաքում կառուցվող 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանին եւ հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին:
Նույն օրը Նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն եւ հանդիպել պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահն անդրադարձել է նաեւ ԼՂՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաեւ պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրեզնոյի հայ համայնքի ներդրումն Արցախին սատարելու գործում եւ հավելել, որ Ֆրեզնոն, լինելով կարեւորագույն հայ գաղթօջախներից մեկը, շոշափելի դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: