Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց սկսելու նախաձեռնությամբ:

 

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը հաջողության հասնելու գործնական շանս չունի: Նախագահի անվստահության հարուցումը ժամանակատար ու բարդ գործընթաց է, ընթացակարգին մասնակցություն պետք է ունենան ԱԺ-ն ու Սահմանադրական դատարանը: Ամենաֆանտաստիկ կանխատեսումները նույնիսկ հիմք չեն տալիս ենթադրելու, որ իմպիչմենտի գործընթացը հաջողության հեռանկար ունի: Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի պատգամավորների թիվը գերազանցում է հիսունը, սակայն անգամ նրանց ներդաշնակ ու միասնական քաղաքական վարքագծի դեպքում՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկություն չի սպառնում,որովհետև տեսանելի չեն այն քաղաքական մթնոլորտը, հասարակական ճնշումը, որոնք խորհրդարանական մեծամասնության շարքերից բերելու են մարդկային արտահոսքի:

 

Թերևս, Նիկոլ Փաշինյանը բոլորից ավելի լավ գիտի, որ իր նախաձեռնությունը հաջողությամբ պսակվելու հեռանկար չունի, ենթադրաբար՝ նա կոնկրետ քաղաքական նպատակներ է հետապնդում, փորձում է քաղաքական իրավիճակ փոխել, վերանայել ներքաղաքական ստատուս քվոն, որը ձեռնտու չէ բոլոր այն ուժերին, որոնք իրենց գործունեության հիմքում ունեն ինչ-ոչ արժեքներ ու խորթ են համարում բացառապես ռեսուրսային պայքարը՝ ուժի ու ֆինանսի բաղկացուցիչներով:

 

Նիկոլը կոնկրետ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» փաստացի առաջնորդն է, ու բնական է, որ հետապնդում է քաղաքական նպատակներ, ունի ամբիցիաներ՝ անկախ դրանց իրատեսական լինել-չլինելուց:

 

Գուցե պարադոքսալ հնչի, բայց Նիկոլի նախաձեռնությունը միայն արտաքուստ է վերաբերում Սերժ Սարգսյանին ու ավելի շատ ուղղված է ընդդիմադիր դաշտի կայացմանը, ավելի շուտ՝ այն գործոնների չեզոքացմանը, որոնք խանգարում են իրական ընդդիմության կայացմանը:

 

Եռյակն՝ իր էությամբ, չի կարող երկրին որակական փոփոխություններ բերել, բայց մոնոպոլացրել է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը՝ ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն մոնոպոլացրել է Հայաստանի իշխանությունն ու տնտեսությունը:

 

Ահա, այս նախաձեռնությունն ուղղված է այդ «ընդդիմադիր մոնոպոլիայի» դեմ:

 

Վերջին չորս-հինգ ամիսներին իշխանափոխության դեմ ճոռոմ ելույթ ունեցողներից շատերը չեն հանդգնելու միանալ Նիկոլի նախաձեռնությանը, ու շատերը կհասկանան, որ Եռյակի ասած իշխանափոխությունն ամիսներ առաջ ավարտվել էավարտվել է Տիգրան Սարգսյանի հրաժարականով:

 

ԲՀԿ պատգամավորների առնվազն կեսը «շաքար» կստանա միայն այն մտքից, որ կարող է ստորագրել փաստաթղթի տակ, որով պահանջվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, մի մարդու, որը «բարգավաճած» շատ պատգամավորների «ատամները» հաշվել է ու՝ շատ վաղուց, երբ դեռ Նալբանդյան փողոցում գտնվող շենքում էր աշխատում:


ՀԱԿ-ում էլ գուցե չմիանան Նիկոլի նախաձեռնությանը, որովհետև առաջին նախագահի շրջապատում ավելի շատ ատում, չեն սիրում մարդկանց, ովքեր ժամանակին իրենց հետ հարթակում են եղել, քան Սերժին ու նրա շրջապատին:


«Ժառանգությունը» մեծահոգաբար կոմպլեմենտար կգտնվի՝ բացահայտելով այն իրողությունը, որ այսկուսակցությունում արդեն վաղուց քաղաքական միասնական թիմ չկա:


Նիկոլի նախաձեռնությանը չմիացած այլընտրանքայիններն ու ընդդիմադիրները նրան կմեղադրեն իշխանության պատվերը կատարելու, Եռյակը պառակտելու մեջ:

 

Գուցե, գուցե նաև Նիկոլն իր այս նախաձեռնությունը ոմանց հետ նույնիսկ քննարկել է, բայց դրանից իրերի վիճակը չի փոխվում, որովհետև բացահայտվելու է Եռյակի խոսքի ու գործի կոնտրաստը,պայթելու է «բուրժուադեմոկրատական հեղափոխության» փուչիկը:

 

Նիկոլի նախաձեռնությունը չի սասանի Սերժ Սարգսյանի դիրքերը, բայց վերջնականապես կկործանի Եռյակը՝ գուցե նոր, իրական ընդդիմության ծնունդի աղոտ հույսով:



Սուրեն Սուրենյանց