«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունն ամփոփ.

 


Խստորեն դատապարտում ենք ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները. Գարեգին Երկրորդ

 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը ԼՂՀ ռազմաօդային ուժերի կործանված ուղղաթիռի զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողության ժամանակ իր խոսքն է ուղղել զոհվածների հարազատներին ու բարեկամներին: Կաթողիկոսը նշել է.

«Սիրելի սգակիր ժողովուրդ,

 

Վշտով են համակված մեր հոգիները: Մեծ ցավ էր ամենքիս համար օրեր առաջ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից դավադրաբար խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի կորուստը:

 

Բոլորս մեր խոնարհումն ենք բերում զոհված մեր անմեղ զավակների հիշատակին: Կորստի ծանր պահերին միմյանց զորակցությունը սփոփանք է վշտացյալների սրտերին, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Հայրը գթությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում, որպեսզի կարող լինենք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղությունների մեջ են» (Բ Կորնթ. 1.3-4): Մեր սրտակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, մերձավորիներին ու զինակից ընկերներին:

 

Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ, սադրիչ գործողությունները, որոնց դրսևորումը եղավ նաև այս ոճրագործությունը՝ հայկական ուղղաթիռի կործանումը և մեր օդաչուների ողբերգական մահը:

 

Խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների դուրս բերմանը բոլոր միջոցներով խոչընդոտելու Ադրբեջանի անմարդկային քայլերը, մարդասիրական և բարոյական համամարդկային նորմերի անտեսումը ստիպեցին Արցախի պաշտպանության բանակին դիմելու հատուկ գործողության: Այսօր մեր սրտերը համակված են ոչ միայն ցավով, այլև հպարտության զգացումով, որ մեր քաջարի ու անվեհեր մարտիկները հերոսաբար կարողացան իրականացնել իրենց առաքելությունը՝ դուրս բերելով զոհված օդաչուների աճյունները:

 

Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները, սահմանամերձ բնակավայրերի պարբերաբար գնդակոծությունները, որոնց հավելվեց այս ոճրագործությունը, լուրջ վտանգ և սպառնալիք են տարածաշրջանի փխրուն խաղաղության համար և անմեղ կյանքեր են խլում: Մեր ժողովուրդը աստվածապատվեր խաղաղության կողմնակից է և այսօր էլ շարունակում է ջանքեր ներդնել մեզ պարտադրված պատերազմից հետո պահպանելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը, քանզի Աստվածապարգև կյանքը գերագույն արժեք է, սուրբ ու նվիրական, և աստվածային կամքին հակառակ ե ն բռնություններն ու ոտնձգությունը մարդկային կյանքի և ազատ ապրելու իրավունքի դեմ:

 

Սիրելի սգակիր հայորդիներ, այսօր մենք միասնական աղոթակցությամբ հայց ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված, որպեսզի չխաթարվի խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի մեր ժողովուրդը հարկադրված չլինի զենքով և իր զավակի կյանքի թանկ գնով պաշտպանելու իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

 

Աղոթում ենք, որ Երկնավորի ամենախնամ Սուրբ Աջը հովանի ու պահապան լինի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի, պահապան լինի մեր բոլոր զինվորներին և միշտ աննկուն պահի քաջարի ոգին և հաղթական' բազուկը հայրենյաց հերոս պաշտպանների: Հայցում ենք Ամենագութ Տիրոջից, որ երկնքի արքայության հավիտենական հանգրվաններում երանություն և հանգստություն պարգևի լույս հոգիներին զոված հայոց արժանավոր զավակների և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանյաց անդամների, հարազատների և մերձավորների:

 

Աղոթք և օրհնություն մեր անմեղ հայորդիների լույս հիշատակին:

Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց և հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. Ամէն»:

 

 

***

 

 

Հեղինակավոր The New York Times պարբերականի անդրադարձը՝ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռի միջադեպին

 

 

Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի միջադեպին է անդրադարձել ամերիկյան The New York Times պարբերականը: Պարբերականը հոդվածը վերնագրել է «Հետագա լարվածություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների շուրջ»:

 

«Ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք հայ զինվորների հոգեհանգստյան արարողությունը անցկացվել է երկուշաբթի օրը ՀՀ տարածքում»,- գրում է The NYT-ն:

 

Հոդվածում մեջբերվել են և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկություններն ուղղաթիռի խոցման վերաբերյալ.

 

«Հայ պաշտոնյաները նշել են, որ ՄԻ-24 ուղղաթիռն ուսումնավարժական առաքելություն էր իրականացնում, երբ նոյեմբերի 12-ին խոցվել էր երկու կողմի՝ գրեթե շփման գծում: Ադրբեջանը հայտարարել է, որ ուղղաթիռը «գրոհային զորավարժություններ է իրականացրել» ադրբեջանական դիրքերի նկատմամբ»,- նշված է հոդվածում:

 

Պարբերականը գրում է նաև, որ ամռանը հրադադարի խախտման արդյունքում ավելի քան 20 զինվոր է մահացել: Դա հանգեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում օգոստոսին և Փարիզում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումներին: Նշվում է, որ այդ հանդիպումները բեկման չեն հանգեցրել:

 

«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ անձնակազմի երեք անդամները պարգևատրվել են արիության մեդալներով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նրանց հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում»,- հոդվածը եզրափակել է The New York Times-ը:

 

 

***

 

 

Դինքին սպանած Օգյուն Սամասթը ցանկանում է նոր ցուցմունք տալ

 

 

Հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը ցանկություն է հայտնել նոր վկայություն տալ դատարանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

 

Լրատվամիջոցը նշել է, որ Սամասթը նամակ է գրել հետաքննություն իրականացնող դատախազին և հայտնել, որ ցանկանում է նորից ցուցմունք տալ: «Խոսելու եմ»,- ասել է մարդասպանը:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման:

 

Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:

 

 

***

 

 

Յուրացում «Ղ-Տելեկոմ»-ում

 

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:

 

Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց պարզել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցաքավորման քարտեր ստանալով'ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից գոյացած 751 մլն դրամը յուրացման եղանակով հափշտակել' ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

 

Ոստիկանության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմոնք, որտեղից էլ ներկայացվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

 

Ըստ կարգի, ոստիկանությունում նախապատրաստաված նյութերը և Աշոտ Կույումջյանը հանձնվել են ՀՀ Քննչական կոմիտեին:

 

 

***

 

 

Ուորլիքը ԼՂ հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումն իսկական ողբերգություն էր, որի կրկնությունը չպետք է թույլ տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում:

 

«Ես կարդացել եմ այն մասին, որ հատուկ գործողություն է իրականացվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը դուրս բերելու համար: Մենք կոչ ենք անում կողմերին լինել զուսպ, կենտրոնացնել ուշադրությունը' ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման նպատակով»,- հայտարարել է Ուորլիքը:

Նա հիշեցրել է, որ լարվածության ուժեղացումը միայն բացասական է ազդում խաղաղ բանակցային գործընթացի վրա, բարդացնում է հակամարտության հետևանք ով հումանիտար ճանապարհով խնդրի կարգավորումը:

 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, նաև այն, որ Արդրբեջանը դեմ էր գնում միջազգային հանրության կոչերին'ու չէր դարեցնում կրակը և թույլ չէր տալիս մարմինների տարհանումն ու տեղանքի մոնիտորինգը' ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12­-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

 

 

***

 

 

Նիկոլը վերջնականապես կկործանի Եռյակը

 

 

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց սկսելու նախաձեռնությամբ:

 

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը հաջողության հասնելու գործնական շանս չունի: Նախագահի անվստահության հարուցումը ժամանակատար ու բարդ գործընթաց է, ընթացակարգին մասնակցություն պետք է ունենան ԱԺ-ն ու Սահմանադրական դատարանը: Ամենաֆանտաստիկ կանխատեսումները նույնիսկ հիմք չեն տալիս ենթադրելու, որ իմպիչմենտի գործընթացը հաջողության հեռանկար ունի:

 

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի պատգամավորների թիվը գերազանցում է հիսունը, սակայն անգամ նրանց ներդաշնակ ու միասնական քաղաքական վարքագծի դեպքում՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկություն չի սպառնում,որովհետև տեսանելի չեն այն քաղաքական մթնոլորտը, հասարակական ճնշումը, որոնք խորհրդարանական մեծամասնության շարքերից բերելու են մարդկային արտահոսքի:

 

Թերևս, Նիկոլ Փաշինյանը բոլորից ավելի լավ գիտի, որ իր նախաձեռնությունը հաջողությամբ պսակվելու հեռանկար չունի, ենթադրաբար՝ նա կոնկրետ քաղաքական նպատակներ է հետապնդում, փորձում է քաղաքական իրավիճակ փոխել, վերանայել ներքաղաքական ստատուս քվոն, որը ձեռնտու չէ բոլոր այն ուժերին, որոնք իրենց գործունեության հիմքում ունեն ինչ-ոչ արժեքներ ու խորթ են համարում բացառապես ռեսուրսային պայքարը՝ ուժի ու ֆինանսի բաղկացուցիչներով:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Մեր զոհված ընկերները և նաև մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից. Սեյրան Օհանյան

 

 

«Ընդամենը հինգ օր առաջ, երբ Եռաբլուրի սրբազան բարձունքում ամփոփում էինք Առաջին հանրապետության պաշտպաններից զորավար Սեպուհի աճյունասափորը, կարծում եմ՝ պարզ էր, որ մենք հաստատակամ ենք հայրենիք վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր ընկան Հայաստանի ազատության ճանապարհին և խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր երեք զինվորական օդաչուների աճյուններին»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, զոհված օդաչուների հուղարկավորության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ նոյեմբերի լույս 22-ի գիշերը դարձավ այդ հաստատակամության ևս մեկ առհավատչյան:

 

«Խոնարհվելով իրենց զինվորական պարտքը մինչև վերջ կատարած օդաչուների պայծառ հիշատակի առջև և հայկական բանակի ողջ անձնակազմի անունից իմ խորին ցավակցությունը հայտնելով նրանց հարազատներին՝ միաժամանակ շնորհակալությունս եմ հայտնում աճյունների փրկության նպատակով իրականացված հատուկ գործողության բոլոր մասնակիցներին, այն մշակողներին և իրականացման օժանդակողներին:

 

Այդ նրանք էին, որ իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը և միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին: Այդ նրանք էին, որ ևս մեկ անգամ ու այնքան փայլուն կերպով վերահաստատեցին նենգության, պարտված զավթիչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի հաղթական գերազանցությունը:

 

Ուղղաթիռի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի, օդաչուներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի զոհվելն Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսևորումն է»,- ասաց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հակառակորդն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես ու չհաշվարկված քայլերի համար:

«Մեր զոհված ընկերները և նաև մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից»,- ասաց նա:

 

 

***

 

 

Քծնանքը՝ քաղաքական կատեգորիա

 

Մեր քաղաքական համակարգում ծրագրերը, գաղափարները գրեթե ոչինչ չեն որոշում: Երբ մարդիկ զանգվածաբար անդամագրվում են կուսակցություններին, նրանք ամենևին էլ ծրագրային կամ արժեքային ընտրություն չէ, որ կատարում են:

 

Օրինակ, ես շաբաթը մի քանի անգամ տպավորիչ տեսանյութեր եմ նայում, թե ինչպես են երիտասարդները տասնյակներով անդամագրվում հիմնականում ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին:

 

Երբ նայում եմ դահլիճում նստածների դեմքերին, ակնհայտ է, որ նրանցից մի քանիսին է հետաքրքրում, թե կոնկրետ կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի արտաքին քաղաքական կամ տնտեսական հացերում:

Վերը նշված կուսակցությունները ջահելներին գրավում են իրենց հնարավորություններով, առաջնորդների խարիզմայով, պաշտոններով, ֆինանսական ու այլ գայթակղություններով:

 

Հայաստանում ձևավորվում է նոր «կոմսոմոլ», որն իսկական՝ սովետական կոմսոմոլից տարբերվում է նրանով, որ իրեն չի ծանրաբեռնում «գաղափարական» կոչվող ավելորդությամբ:

 

Ավելի շուտ, այսօրվա «կոմսոմոլի» համար Լենինը, Մարքսն ու Էնգելսը նույնանում են Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի կերպարների ու նրանց հնարավորությունների և քսակների հետ: Մնացածը գրեթե սովետականի կրկնությունն է, երբ առաջխաղացման համար կարևոր էին ոչ այնքան պատրաստվածությունը, գիտելիքները, որքան քծնանքը:

 

Եթե սովետական կոմսոմոլը մի քանի տող անգիր էր անում Լենինից, շուտասելուկի պես կրկնում այն ու, կարևորը, անգիր հիշում էր ընկեր Բրեժնևի խոսքն՝ իր բոլոր ելևէջներով, ապա ժամանակակից «կոմսոմոլը» դրա անհրաժեշտությունը չունի. մեխանիկական քծնանքի անսպառ կարողությունը բավարար է:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Սյունիքի մարզպետարանն արդեն կատարել է իր ներդրումը

 

Չնայած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք- հեռուստամարաթոնը կկայանա երկու օր հետո, Սյունիքի մարզպետարանն արդեն կատարել է իր ներդրումը' հիմնադրամին փոխանցելով 942 հազ. դրամ գումար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համահայկական հիմնադրամին փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը:

 

Այս տարի հանգանակված գումարներով կշարունակվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, ավարտին կհասցվի նաեւ մայրուղու Հայաստանի տարածքով ձգվող 14 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը: Ավտոճանապարհը' 1996 թվականից շահագործվող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուն զուգահեռ, Հայաստանը կկապի Արցախի հետ:

 

Գոհար Իսախանյան