«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է  անցնող օրվա կարևորագույն իրադարձություններն՝ ամփոփ.


Հանքավանում վիճաբանությունն ավարտվել է ծեծով

 

Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հոկտեմբերի 20-ին' ժամը 10.25-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Սեդրակ Բ.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:

 

Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ին' ժամը 23.00-ի սահմաններում, Հանքավան գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել կնոջ քեռին' ոմն Հրայր: Սեդրակ Բ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայրը 1975թ. ծնված Հրայր Մ.-ն է, որը հոկտեմբերի 27-ին' ժամը 12.00-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:

 

***

 

Եռյակը որոշում չունի

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.30-ից Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 

Լուրեր.com-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեց ճշտել' այն օրերին, որոնք ի գիտություն են ընդունվել քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, հանրահավաքներ տեղի ունենալո՞ւ են: Զոհրաբյանը նշեց. «Դեռևս քննարկում չի եղել:

 

Երբ լինի Եռյակի նիստ, կլինի քննարկում, կլինի որոշում, մենք կտեղեկացնենք: Այս պահին քննարկում չկա, և որոշում չի կայացվել»:

 

***

 

Որքա՞ն գումար է պետք արտահերթ ընտրությունների համար. Զարուհի Փոստանջյանը՝ Տիգրան Մուկուչյանին

 

Ազգային ժողովում այսօր շարունակվեցին 2015 թվականի պետական բյուջեի քննարկումները: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե որքան գումար է հարկավոր արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար:

 

«Եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ»,- ասաց Փոստանջյանը, ինչն անակնկալի բերեց Տիգրան Մուկուչյանին:

 

«Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել արտահերթ խորհրդարանական և նախագահի ընտրությունների համար առանձին-առանձին»,- հարցրեց Փոստանջյանը:

 

Վերջինիս ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Եկող տարվա ընտրությունների ցանկը հաստատել ենք ու 150 համայնքում ունենք հերթական ընտրություն: Դրանք արդեն պլանավորվել են: Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին, բնականաբար, ԿԸՀ-ն դրանք իրականացնում է օրենսգրքով նախատեսված կարգով: Եթե այդ արտահերթ ընտրությունները սահմանված կարգով են, ապա կլինեն: Սակայն ես տեղեկացված չեմ, ցավոք, որ նման ընտրություններ սպասվում են»:

 

Զարուհի Փոստանջյանն՝ արձագանքելով ԿԸՀ նախագահի պատասխանին, նշեց. «Բնականաբար, ես խոսում եմ օրենքով սահմանված ընտրությունների մասին: Արտահերթ ընտրությունները ևս օրենքով սահմանված են ու սպասվում են եկող տարի»:

 

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց. «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ բյուջեի շուրջ խոսել, իսկ մյուս ընտրությունները լինելու են 2017 և 2018թթ.»:

ԿԸՀ նախագահը նշեց, որ եթե չկա իրավական հիմք, ապա որևէ թիվ չի կարող հաշվարկվել, թե որքան պետք կգա ասած ընտրությունների համար:

 

Չնայած Տիգրան Մուկուչյանի պատասխանին՝ Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Այնուամենայնիվ, պահուստային ֆոնդից որքա՞ն գումար պետք է տրամադրվի արտահերթ ընտրությունների համար: Ոչ մեկս ապահովագրված չենք, որ նման պրոցեսներ տեղի չեն ունենա: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ արտահերթ ընտրություններ կլինեն»:

 

«Տիկի՛ն Փոստանջյան, նիստից հետո ես իմ աշխատակազմի ղեկավարի հետ միասին կոպեկի ճշտգրտությամբ կարող եմ ասել, թե որքան ենք ծախսել նախորդ համապետական ընտրություններին»,- վստահեցրեց ԿԸՀ նախագահը:

 

***

 

ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասին ուսանող է մահացել. News.am

 

Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, քիչ առաջ, ուսանող է մահացել: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

 

Դասի ժամանակ երիտասարդը դարպասապահ է կանգնած եղել, միանգամից վատացել է ինքնազգացողությունը, քթից արյուն է եկել ու մահացել է:

 

Մանրամասները՝ այստեղ:

 

 

***

 

 

Արգամիչի ու Ծառուկյանի շահերը կարող են բախվել

 

 

Ինչքան էլ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խնդրում էր չքաղաքականացնել բյուջետային քննարկումները, դա գործնականում հնարավոր չէ:

Աշխարհի բոլոր երկրներում բյուջեն համարվում է տարվա ամենակարևոր փաստաթուղթը, որի նկատմամբ վերաբերմունքը սկզբունքորեն դառնում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները սահմանագծողը: Բյուջետային քննարկումների հետևանքով կոալիցիաներ են քանդվում, կառավարություններ պաշտոնանկ արվում, նույնիսկ խորհրդարաններ են լուծարվում:

Եթե կուզեք, բյուջետային քննարկումները, դրանց նկատմամբ վերաբերմունքն են իրականում որոշում այս կամ այն կուսակցության իշխանություն կամ ընդդիմություն լինելն, ոչ թե դեկլարատիվ հայտարարություններն ու ԱԺ կանոնակարգը:

Հիմա Հովիկ Աբրահամյանն ասում է՝ եկեք քննարկումները չքաղաքականացնենք, որը նույնն է, եթե կուսակցություններին կոչ արվի՝ չզբաղվել քաղաքականությամբ:

Այս տարվա բյուջետային քննարկումները մի քանի առանձնահատկություն ունեն:

Նախ, դրանք առաջինն են Հովիկ Աբրահամյանի համար: Սա այն փաստաթուղթն է, որի թե՛ դրականը, թե՛ բացասականը պատկանելու են Աբրահամյանին, ու հետո նա չի կարող ակնարկներ անել ստացված ծանր ժառանգության մասին:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Տասը սիրիահայ հնարավորություն ստացան աշխատանք գտնել Հայաստանում

 

Տասը սիրահայ հնարավորություն ստացան վարսահարդարության ոլորտում աշխատանք գտնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' Սիրիայից Հայաստան տեղափոխված տասը հայի հոկտեմբերի 29-ին հանձնվեցին ուսուցումն ավարտելու հավաստագրեր: Ուսուցումն իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ը (Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի) և «ԿԱԶԱ» հայ-շվեյցարական բարեգործական միության համատեղ ծրագրի շրջանակում:

«Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի ղեկավար Մարինե Թունյանի խոսքով' հունվարից «ԿԱԶԱ» հիմնադրամը դարձավ ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնական գործընկեր, ինչի արդյունքում կրթության միջոցով փորձեցին ինտեգրել սիրիահայերին, փախստականներին, ապաստան հայցողներին:

«Այս ծրագրի շրջանակում կարողացանք սիրիահայերին և փախստականներին տեղացիների հետ հավասար պայմաններով ներգրավել ուսումնական ծրագրերում ապահովել նրանց ինտեգրումը և կրթությունը, ինչի շնորհիվ հետագայում իրենք կգտնեն աշխատանք», - ասաց Մարինե Թունյանը:

Ընդհանուր մասնագիտական կրթություն ստանում են 34 հոգի, որոնցից 12-ը' խոհարարական գիտելիքներ, 10-ը' վարսահարդարների և 12-ը' դերձակ մոդելավորողների:

 

 

***

 

 

Ուզում եմ, որ ամեն մեկն իր արժանի պատիժը ստանա. Մեխակ Ցականյան

 

 

Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը, որոնցից վերջինը մեղադրվում է նաև Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' դատական նիստի ընթացքում շարունակվել են հարցաքննվել ամբաստանյալներ Գուլիևը եւ Ասկերովը:

Դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանի՝ սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ամբաստանյալ Ասկերովը նշել է, որ այն ժամանակ իբր չի հասկացել այդ ամենը և հիմա է հասկանում իր սխալը։ Ասկերովի խոսքով՝ ԼՂՀ սահմանը պարբերաբար խախտելով՝ ինքը վատ նպատակ չի ունեցել. պարզապես այցելել է Շահումյանի շրջանում գտնվող իր հարազատների գերեզմաներին:

Այն հարցին, թե լավ ծանոթ լինելով տեղանքին, ինչո՞ւ են անչափահաս Սմբատ Ցականյանից հարցրել Քարվաճառ տանող ճանապարհը, Ասկերովը պատասխանել է, որ ինքը տեղանքի ճանապարհները միայն անտառներով ու սարերով գիտի: Ասկերովը շարունակել է ժխտել Սմբատ Ցականյանի սպանության մեջ իր մասնակցությունն' այն կապելով հանցախմբի անդամ, զինված դիմադրության ժամանակ մահացու վիրավորված Հասան Հասանովի հետ:

Դատական նիստին ներկա Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը, ընդմիջման ժամանակ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է դատավարության ընթացքից: «Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել. ուզում եմ, որ ամեն մեկն իր արժանի պատիժը ստանա»,- նշեց որդեկորույս հայրը ՝ մեկ անգամ ևս դատապարտելով ոճրագործների անմարդկային արարքը:

Ինչպես հայտնի է, խմբի մեկ անդամ ևս ՝ Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը դիվերսանտների ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն ցույց տալու պատճառով, ոչնչացվել է: Ամբաստանյալ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանը նշել է, որ, ի տարբերություն Դիլհամ Ասկերովի, Գուլիևը չի մեղադրվում անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության մեջ:

Ըստ Իսրայելյանի, բոլոր դատական գործողությունները կատարվում են օրենքի շրջանակներում, իհարկե, պաշտպանի ներկայությամբ։ Դատապաշտպանը տեղեկացրեց նաև, որ ամբաստանյալ Գուլիևը մեղադրվում է 6 հոդվածներով։

Նշենք, որ ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն ապահովված են ռուսերենի և հայերենի մասնագետ թարգմանչով, իսկ որպես նրանց դատապաշտպաններ՝ նիստում հանդես են գալիս փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը՝ ԼՂՀ հանրային պաշտպանի գրասենյակից, և Արկադի Իսրայելյանը՝ ԼՂՀ փաստաբանների պալատից:

 

***

 

ՀՀ ԱԺ փոխնախագահները ցավակցական հեռագրեր են հղել ՌԴ Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին' Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովայի մահվան կապակցությամբ:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: