«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը
Հունիսի 15-ին Լոս Անջելեսում 98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, գրում է Bloomberg-ը: Մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Քըրքորյանն ամերիկահայ միլիարդատեր էր, գործարար, բարերար. «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենը։
Ամերիկյան հեղինակավոր Forbes-ի համաձայն, 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր $15 միլլիարդի:
2004-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար միլիարդատիրոջը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում է շնորհվել՝ Հայաստանի ազգային հերոս:
***
Արթիկում ծեծկռտուքն և դանակահարությունը դարձել են վրեժխնդրության առիթ
Արթիկ քաղաքում երկու անձանց միջև ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ, ինչին էլ հաջորդել է վրեժը:
Հունիսի 14-ին՝ ժամը 15.35- ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1950 թ. ծնված Լերմանտ Ս.-ն: Ժամը 16.35-ին նոր հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք թափանցող պնևմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված Յուրիկ Ա.-ն:
Նույն օրը՝ ժամը 17.00-ին, Լերմանտ Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկի տաքսի ծառայությունում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Յուրիկ Ա.-ի թիկունքին՝ պատճառելով վնասվածք, որից հետո ժամը 15.30-ի սահմաններում Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում Յուրիկ Ա.-ի եղբայրը՝ 1964 թ. ծնված Սուրիկ Ա.-ն, ծեծի է ենթարկել իրեն' պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Լերմանտ Ս.-ն ձերբակալված է: Դանակն առգրավված է: Կատարվում է քննություն:
***
Պայթյուն Բաղրամյան պողոտայում. կա զոհ
Հունիսի 16-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի բաժնից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն. թիվ 1998 ավտոտնակի դարպասները շպրտվել են հարակից սեփական տան ուղղությամբ և թիվ 60 շենքի բակային հատված, որտեղ հայտնաբերվել է 21 տարեկան Գ. Թ.-ը: Վերջինս «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Նույն ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Նիսան Քաշքայ» մակնիշի 19ՏՏ190 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հարվածային ալիքից վնասվել են նաև թիվ 60 շենքի 2-րդ հարկի (թիվ 5), 3-րդ հարկի (թիվ 9), 4-րդ հարկի (թիվ 12), 5-րդ հարկի (թիվ 15) և 7-րդ հարկի (թիվ 21) բնակարանների և շքամուտքի (2-րդ հարկից 7-րդ հարկ) պատուհանները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.06-ին, մարվել՝ 02.12-ին:
Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը: